Դատական իշխանության համակարգի հրապարակայնության ու թափացիկության խնդիրները

Հուլիսի 27-ին կայանալու է Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը։ Ավելի վաղ ստորագրահավաք էր կազմակերպել դատավորների արտահերթ ընդհանուր ժողով գումարելու համար, ինչի համար անհրաժեշտ էր դատավորների մեկ երրորդի ստորագրությունը:

«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, որը դիտորդական առաքելություն է իրականացնում դատարանների ձևավորման և դատական համակարգի խնդիրների նկատմամբ, արձանագրում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽն) ունի թափանցիկության և հաշվետվողականության հետ կապված խնդիրներ: Խնդիրներ կան նաև կայացրած որոշումների՝ արդարության և օբյեկտիվության սկզբունքների համապատասխանության հետ կապված։

Առհասարակ լրջագույն խնդիր է դատական իշխանության համակարգում քաղաքականության, դրա մշակման և տարբեր հարցերի լուծման հիմքում դրվող սկզբունքների և չափանիշների հարցը: Կազմակերպությունը ԲԴԽի թափանցիկ գործունեության խնդրի վերաբերյալ մտահոգությություններ էր հայտնել ավելի վաղ և դեռևս հունիսի 26-ին հարցում է ուղարկել ԲԴԽին, որի կապակցությամբ պատասխանը ստացվել է գրեթե մեկ ամիս անց և ըստ էության, այն, ԲԴԽ գործունեության թափանցիկության ապահովման կապակցությամբ, որևէ լուծում չի նախատեսում:

Այս կապակցությամբ «Իրավունքի Եվրոպա միավորումը» դրական է գնահատում այն հանգամանքը, որ ԲԴԽում առկա խնդիրներին անհաղորդ չեն մնացել նաև դատական իշխանությունը կրող և կյանքի կոչող դատավորները՝ «դատավորների ընդհանուր ժողով» սահմանադրական մարմնի շրջանակներում:

«Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպությունն ակնկալում է, որ դատավորների ընդհանուր ժողովի այս նախաձեռնությունը կարող է դառնալ դատական իշխանության խնդիրների ձևակերպման, դատական համկարգի, զարգացման տենդնեցների, առանցքային ուղղությունների, մեկ ձևակերպմամբ՝ դատական իշխանության քաղաքականության (policy) մշակման սկիզբը, որի վրա պետք է հենվի և որը պետք է՝ որպես չափանիշ, դիտարկի ԲԴԽն՝ իր գործունեության շրջանակներում, այդ թվում՝ բարձր դատական պաշոններում ընտրություն իրականացնելու հարցում:

Այս հարցում էական է նաև իշխանության մյուս թևերի, մասնավորապես Ազգային ժողովի դերակատարությունը, հատկապես, եթե հաշվի առնենք, որ դատական իշխանության ձևավորման հարցում մի շարք առանցքային որոշումները, ըստ Սահմանադրության, որոշվում են խորհրդարանի կողմից, օրինակ՝ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանի դատավորների և Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի ընտրությունները և այլն:

Բարձրագույն դատական խորհրդի գործունեության շրջանակներում հիմնական խնդիրներից է թերևս ստվերային պայմանավորվածությունների հարցը, թափանցիկության և հաշվետվողականության պակասը: Թեև յուրաքանչյուր որոշումից հետո Հյաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական կայքում տեղադրվում է տեղեկատվություն ԲԴԽի կայացրած որոշումների մասին, սակայն այն չի կարող դիտարկվել թափանցիկության և հրապարակայնության սկզբունքներին համապատասխան: Այս առումով կա թե՛ կամքի, և թե՛ վարքականոնային՝ ավանդույթի փոփոխության անհրաժեշտություն:

Ուստի, հաշվի առնելով վերը գրվածը՝ ակնկալում ենք որ դատավորների ընդհանուր ժողովը կստանձնի և շարունակական ջանքեր կգործադրի դատական իշխանության առջև ծառացած խնդիրների վեր հանման և ձևակերպման, ինչպես նաև դրանց լուծման սկզբունքների և չափանիշների ձևավորման ուղղությամբ:

Միևնույն ժամանակ ակնկալում ենք, որ Ազգային ժողովը այսօրինակ հարցերում լիարժեքաբար կկատարի իշխանության թևերի հակակշռման և զսպման սահմանադրական իր առաքելությունը, կցուցաբերի սկզբունքայնություն և իր գործունեությամբ կսահմանի ժողովրդավարական այնպիսի չափանիշներ, որոնց հետ անխուսափելիորեն հաշվի կնստեն իշխանության մյուս թևերը և կգործեն ժողովրդավարության լավագույն ավանդույթներին և սկզբունքներին համահունչ:

Դատավորների ժողովի և ԲԴԽի թեկուզ թվացյալ լարումը, Կազմակերպությունը դիտարկում է որպես բնականոն գործընթաց, որն ունի իշխանության տարանջատման և հակակշռման ներուժ:

«Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը ամփոփ ներկայացնում է ԲԴԽի վերջին մի քանի խնդրահարույց որոշումներն ու նշանակումները:

Հուլիսի 2-ին ԲԴԽն իրականացնում է Վերաքննիչ վարչական դատարանի նախագահի ընտրություն և գաղտնի քվեարկության արդյունքում ձայները բաշխվում են հետևյալ կերպ՝ Հովսեփ Բեդևյան 5, Արա Բաբայան 3, Աշոտ Սարգսյան 1, Արման Թովմասյան 1: Որից հետո, առավել ձայներ ստացած երկու թեկնածուների միջև կազմակերպվում է լրացուցիչ քվեարկություն, ինչի արդյունքում Արա Բաբայանի՝ առաջին փուլում ստացած ձայները նվազում են՝ դառնալով մեկ: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի նախագահ է ընտրվում Հովսեփ Բեդևյանը։

Հուլիսի 6-ին Բարձրագույն դատական խորհուրդն անցկացնում է իր հերթական նիստը: Օրակարգը Վճռաբեկ դատարանում և Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմումը և հաստատումն է, ապա՝ ընտրությունը: Խորհուրդը զրույցի էր հրավիրել 3 ցուցակներում ընդգրված դատավորի 40 թեկնածուների: ԲԴԽի այս նիստից հետո լրատվամիջոցներն ահազանգում են, որ դատավորների նշանակման հարցում գործել են խնամիծանոթբարեկամ ստվերային պայմանավորվածությունները (ԲԴԽն շարունակում է դեռեւս նախկին իշխանությունների օրոք որդեգրած տրամաբանությունը): 
Ըստ հրապարակած հաշվետվության՝ ՀՀ վերաքննիչ դատարանների թափուր տեղերի համալրման համար կայացած գաղտնի քվեարկության արդյունքում խորհրդի կողմից անհրաժեշտ ձայներ են ստանում 4-ը, որից 3-ը՝ քաղաքացիական մասնագիտացմամբ, 1-ը՝ քրեական:

Քաղաքացիական մասնագիտացմամբ ԲԴԽ կողմից առավել ձայներ ստացած անձինք են Նարեկ Գաբրիելյանը, Կարեն Համբարձումյանը եւ Դավիթ Սերոբյանը: Քրեական մասնագիտացմամբ ԲԴԽի կողմից առավել ձայներ ստացած անձը Լուսինե Հովհաննիսյանն է: Վերջինիս ընտրությունը բավական լուրջ քննադատության և տարակարծության առիթ է դառնում, ինչի կապակցությամբ կասկածները փարատելու և որոշման հիմնավորվածությունն ու արդարությունը հաստատելու որևէ պաշտոնական միջոց չի ձեռնարկվում։ 
Հաջորդ խնդրահարույց որոշումը, որը կայացվել է հուլիսի 7-ին ԲԴԽի կողմից, վերաբերում է առաջին ատյանի դատարանների դատավորների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները փոփոխելու կարգին:

Խնդրահարույց հաջորդ ընտրությունը կայացել է հուլիսի 12-ին, երբ ԲԴԽն անցկացրել է ՀՀ վճռաբեկ դատարանի կազմից դատարանի նախագահի թեկնածուի նոր ընտրություն: Քվեարկության արդյունքներով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու է ընտրվել Երվանդ Խունդկարյանը՝ 7 ձայնով: Հատկանշական է, որ մոտ մեկ ամիս առաջ, հունիսի 7-ին ԲԴԽի կողմից Վճռաբեկ դատարանի կազմից Վճռաբեկ դատարանի նախագահի նույն թափուր տեղի համար կազմակերպած մեկ այլ ընտրության ընթացքում նույն Երվանդ Խունդկարյանը ստացել էր ընդամենը 2 ձայն:

Անդրադառնալով ԲԴԽում դատարանների նախագահների թեկնածությունները քննարկելու և թեկնածուների ընտրությունները դռնփակ նիստերով անցկացնելուն, թեև այդ հարցի կապակցությամբ ԲԴԽ անդամ Գեւորգ Դանիելյանը հրապարակային դաշտում հայտնում է, որ ինքն էլ է նկատել, որ դռնփակ նիստերը բազում հարցադրումների եւ թյուրըմբռնման տեղիք են տվել, սակայն այդ ուղղությամբ ԲԴԽն դարձյալ որևէ տեսանելի քայլ չի ձեռնարկել:

Ելնելով վերը նկարագրված իրավիճակից՝ ակնկալում ենք, որ սահմանադրական մարմինների հակակշռման և փոխադարձ զսպման գործընթացը ավելի մեծ թափ կստանա և յուրաքանչյուր մարմին (ԱԺ, դատավորների ընդհանուր ժողով, ԲԴԽ) կձեռնարկի արդյունավետ քայլեր՝ դատական իշխանության առջև ծառացած խնդիրների լուծման, ինչպես նաև դատարանների ու դատական իշխանության ձևավորման նկատմամբ հանրային վստահության բարձրացման ուղղությամբ:

 

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ