Կատեգորիաներ

«Ի լուր էյ էմը» ՄԻԵԴ-ում

               «Ի լուր էյ էմը» արդեն դիմել է ՄԻԵԴ.  աղբյուրը բացահատելու պարտադրանքի դեմ բողոքը կքննի նաև ՀՀ սահմանադրական դատարանը

 

12.08.2015թ.

           Ilur.am կայքի ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած բողոքը ընդունվել է վարույթ: Այս բողոքով լրատվամիջոցը վիճարկվում է այն դրույթի սահմանադրականությունը, որի հիման ՀՀ դատարանները պարտադրել են Ilur.am-ին բացահայտել իր հրապարակման աղբյուրը: Բողոքը քննվելու է գրավոր ընթացակարգով «Հրապարակ» օրաթերթի կողմից նույն հարցով ներկայացված դիմումի հետ միասին՝ ս.թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 10.00-ին:

 

             2015թ. հուլիսի 24-ին ՀՀ գլխավոր դատախազության կողմից տարածված հայտարարության մեջ նշվել է ilur.am կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանի դեմ  հարուցված քրեական գործի կարճման մասին:  Քրեական գործը հարուցվել էր նույն թվականի հուլիսի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դատական ակտը դիտավորությամբ չկատարելու առնչությամբ:

 

            Քրեական գործի կարճման պաշտոնական հիմնավորումները կայքի խմբագիրը և վերջինիս շահերի ներկայացուցիչներ Լուսինե Հակոբյանը և Տիգրան Եգորյանը ստացել են օրեր անց:  Իրավական որոշակիության հիմնարար սկզբունքին հղում կատարելով՝  ՀՀ դատախազության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունը գտել է, որ Ք. Խանումյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմը և այդ հիմքով կարճել այն:

 

               Ավելի վաղ փաստացիորեն լրագրողին աղբյուրը բացահայտելուն պարտավորեցնող այս ծայրահեղ խիստ միջամտության կապակցությամբ իրենց մտահոգություններն էին հայտնել հայաստանյան թերթերի խմբագիրներ, մամուլի իրավունքներով զբաղվող տեղական իրավապաշտպան կազմակերպություններ, քաղաքական կուսակցություններ և գործիչներ, տարբեր միջազգային կառույցներ, այդ թվում նաև՝ Human Rights Watch-ը, Լրագրողների առանց սահմանների կազմակերպությունը: 2015թ. հուլիսի 16-ին լրագրողի նկատմամբ քրեական մեղադրանքին արձագանքել էր նաև Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը, ով ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին նամակ էր հղել, որտեղ վերջինս խստորեն դատապարտում էր լրագրողական անկախության և ազատ մամուլի դեմ ուղղված այս քայլը:

 

               «Լրատվամիջոցների ներկայացուցիչները չպետք է պատասխանատվության ենթարկվեն հանրության շահերին առնչվող տեղեկատվությունը հրապարակելու ու տարածելու համար,- ասվում էր Միյատովիչի ուղերձում, - Եթե այդ տեղեկատվությունն օրենսդրությամբ չի համարվում գաղտնի՝ ազգային անվտանգության նկատառումներով կամ այլ գերակա շահերի պաշտպանության համար, ապա պետությունը պարտավոր է ապահովել լրագրողի աղբյուրի պաշտպանությունը՝ դրա բացահայտմանն ուղղված ցանկացած իրավական կամ վարչական սանկցիայից»։

 

               Թերևս հենց ԵԱՀԿ ներկացուցչի կողմից արտահայտած մտահոգությունն է, որ արձագանք է գտել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կողմից: Վերջինս  Միյատովիչին ուղղված իր նամակում «մանրամասն բացատրել է  հարուցված քրեական գործի հանգամանքները, ինչպես նաև միջազգային և ներպետական օրենսդրության այն չափանիշները, որոնք հաշվի են առնվել քրեական գործը հարուցելիս». ասված է գործի կարճման առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության կողմից տարածած հաղորդագրության մեջ:  

 

               Խնդրո առարկա հրապարակումը

 

               2014թ. մայիսի 22-ին ilur.am լրատվական կայքը հոդված էր հրապարակել Շիրակի վարչության նախկին պետ Վարդան Նադարյանի և գյումրեցի ճանաչված մարզիկ, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի միջև ծագած միջադեպի մասին, որն արժանի էր իրավապահ մարմինների ուշադրությանը: Համանման հրապարակում է եղել նաև Հրապարակ օրաթերթում:

 

                07.04.2014թ. ՀՀ ոստիկանության  Շիրակի վարչության նախկին պետ Վարդան Նադարյանը անսթափ վիճակում կանգնեցրել է Գյումիի փողոցներից մեկով երթևեկող  չեմպիոնի  մեքենան և, խոսակցության ընթացքում բորբոքվելով, ատրճանակի կոթով հարվածել Ալեքսանյանի եղբոր՝ Ռաֆայելի գլխին, իսկ հետո  ատրճանակը լիցքավորելով՝ պահել Արթուրի կրծքին՝ ասելով. «Էդքան լավ տղա ես, կգաս բաժին, կխոսենք»:

 

               Մամուլում տեղ գտած հրապարակումներից հետո 17.05.2014թ.  Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ «նախապատրաստվում են նյութեր, կատարվում են համապատասխան  դատավարական գործողություններ քրեական գործ հարուցելու հիմքերը ստուգելու ուղղությամբ»: ՀՔԾ-ն քրեկան գործ հարուցեց միայն 30.05.2014թ.՝ Քր. օր.-ի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով:  Ուշագրավ է, որ նախքան քրեական գործ հարուցելը ՀՔԾ քննիչը փորձեր էր կատարել առանց դատարանի համապատասխան որոշման առկայության երկու լրատվամիջոցների խմբագիրներից պահանջել աղբյուրի բացահայտում, սակայն  մերժվել էր:

 

               ՀՔԾ-ն, համարելով, որ «նշված զանգվածային լրատվության միջոցների տեղեկությունների աղբյուրի բացահայտումը կարող է օժանդակել քրեական գործով ենթադրյալ ծանր հանցագործության վերաբերյալ հաստատող կամ հերքող ապացույցների ձեռք բերմանը և որ տվյալ դեպքում հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն  ավելի ծանրակշիռ է, քան  տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարութան օրենսգրքի 55-րդ, 279-րդ և 282-րդ հոդվածներով, ինչպես նաև Զանգվածային լրատվության մասին օրենքի 5-րդ հոդվածի  2-րդ մասով», դատարան միջնորդություն էր ներկայացրել՝ աղբյուրի բացահայտման պահանջով, որը  26.06.2014թ. Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի կողմից բավարարվել էր՝  պարտադրելով  « Ի լուր Էյ Էմ» կայքին և Հրապարակ օրաթերթին հրապարակել տեղեկատվության աղբյուրը: 

 

Սակայն ilur.am-ը հաստատակամ էր իր որոշման մեջ.

 

               «…Մենք մեր աղբյուրը չենք մոռացել, - գրում է  ilur.am-ի խմբագիր Խանումյանը, - մենք իրավապահների հետ գործարքի չենք գնում և պարզ հայտարարում ենք՝ օրենքով մենք կարող ենք չբացահայտել աղբյուրը եւ չենք բացահայտում, քանի որ վստահ ենք, որ ցանկության ու քաղաքական կամքի առկայության պարագայում իշխանությունները մի քանի օրում գործն արդեն բացահայտած կլինեին»:

 

               2014թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել էր առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ որոշման դեմ բերված iLur.am-ի բողոքը, իսկ Վճռաբեկ դատարանը հրաժարվել էր բողոքը վարույթ ընդունել: 

               

               ՀՀ դատական բարձր ատյանների կողմից անտեսված բողոքի հիմքերը

               

               Բողոքում փաստաբանները նշում են, որ ՀՀ առաջին ատյանի դատարանը աղբույրի բացահայտումը պարտադրելու վերաբերյալ որոշումը կայացրել է նյութական եւ դատավարան իրավունքի ակնհայտ եւ կոպիտ խախտումներով:

               

               ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով ամրագրված խոսքի ազատության իրավունքը՝ ներառյալ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, կարող է սահմանափակվել Սահմանադրության 43-րդ հոդվածով նախատեսված հիմքերով, ըստ որի՝ «այդ իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում, պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման և այլ նպատակներով»: Սակայն այդպիսի միջամտություն սահմանված չէ օրենքով, քանի որ քրեական դատավարության օրենսգիրքը չի պարունակում այնպիսի կարգավորումներ, որոնց հիման վրա դատարանը կարող էր պարտադրել   լրատվամիջոցին բացահայտելու տեղեկատվության աղբյուրը: Օրենսդրական կարգավորման բացակայության պայմաններում դատարանն ընդհանրապես իրավասություն չուներ քննելու տեղեկատվության աղբյուրի բացահայտումը պարտավորեցնելու վերաբերյալ միջնորդությունը, առավել ևս այն բավարարելու՝ հիմնվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 14-րդ (նամակագրության, հեռախոսային խոսակցությունների … և այլ հաղորդումների գաղտնիության սահմանափակում), 41-րդ (14-ևդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սահամանափակման վերաբերյալ որոշում կայացնելու դատարանի լիազորությունը) կամ 279-րդ հոդվածի վրա՝  համարելով, որ «այլ հաղորդումների գաղտնիության սահմանափակման» հասկացությունն ընդգրկում է տեղեկատվության աղբյուրի բացահայտումը, որը կարող է պարտադրվել դատարանի որոշմամբ: Դատարանը հաշվի չի առել քրեական իրավունքի առանցքային սկբունքները, այն է՝ օրենքի այս դրույթների բացառապես քրեական դատավարության մասնակից սուբյեկտներին վերաբերելը, ինչը նշանակում է, որ այն կիրառելի չէ լրատվամիջոցի նկատմամբ: Բացի այդ քրեական օրենսդրությամբ անալոգիայի կիրառումն արգելված է: 

 

               Այս հանգամանքն արդեն իսկ խախտում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արտահայտվելու ազատության իրավունքի   միջամտության իրավաչափությունը որոշելիս կիրառվող եռաստիճան թեսթի առաջին՝ «սահմանված է օրենքով», նախապայմանը: Սակայն նույնիսկ այն դեպքում, եթե այդպիսի միջամտությունը լիներ օրենքով սահմանված, այն պետք է բավարարեր ՄԻԵԴ-ի կողմից կիրառվող թեստի մյուս երկու նախապայմանները, այսինքն՝ «հետապնդեր իրավաչափ նպատակ» և լիներ «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»:

 

               Աղբյուրի բացահայտման պահանջը բավարարելիս դատավոր Գագիկ Խանդանյանը մանրազնին չի ուսումնասիրել գործի հանգամանքները, ինչի մասին է վկայում որոշման պատճառաբանական մասում առանց պատշաճ հիմնավորման ՄԻԵԴ-ի Գուդվինն ընդդեմ Միացալ Թագավորության գործի 40-րդ պարբերության կցկտուր մեջբերումը, ըստ որի՝ «լրագրողական աղբյուրի բացահայտման դատարանի պահանջը ... արդարացված է, եթե դա է պահանջում կենսական նշանակություն ունեցող հասարակության շահը»: Մինչդեռ, միևնույն պարբերության շարունակության մեջ նշված է հետևյալը. «Անխոս, պետական իշխանության մարմինների համար սահմանափակման համար առաջնայինը «հրատապ հասարակական անհրաժեշտության» գնահատելն է, որն իրականացնելիս նրանք օգտվում են հայեցողական լուսանցքից: Այս համատեքստում, սակայն, պետության հայեցողական լուսանցքը սահմանափակվում է ազատ մամուլի գոյությունն ապահովելու և պահպանելու ժողովրդավարական հասարակության շահով»:

 

               Դատավոր Խանդանյանը թերացել է կիրառել ՄԻԵԴ-ի ևս մեկ կարևորագույն սկզբունք, համաձայն որի՝

 

               «… մամուլը պարտավոր է տեղեկություններ և գաղափարներ տարածել քաղաքական հարցերի, ինչպես նաև հանրային շահին վերաբերող այլ հարցերի շուրջ: Տպագիր մամուլը ոչ միայն ունի այդպիսի տեղեկություններ և գաղափարներ տարածելու իրավունք, այլև հասարակությունն իրավունք ունի ստանալու դրանք»:

 

               Ներպետական դատարանը յուրաքանչյուր քննվող գործով պետք է մանրազնին ուսումնասիրի գործի հանգամանքները և որոշի, թե արդյոք առանձին անհատի կամ հասարակության շահը գերակշռում է հանրության տեղեկացված լինելու շահի նկատմամբ: Տվյալ դեպքում հրապարակվել է տեղեկատվություն, որի համաձայն ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետը հնարավոր է՝ կատարել է քրեորեն պատժելի արարք, ինչի մասին հանրությանը տեղեկացնելը կնշանակեր խնդրի շուրջ հրավիրել հանրության ուշադրությունը՝ այդպիսով, պահանջելով անհապաղ և պատշաճ անդրադարձ իրավապահների կողմից:

 

               Այս առումով ուշագրավ է, որ  մամուլում տեղ գտած հրապարակումներին արձագանքած ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ավելի շատ շահագրգռված էր լրագրողական աղբյուրի բացահայտմամբ, քան դեպքի հանգամանքները պարզելով: Իսկ դատական համակարգը հերթական անգամ ապացուցեց, որ գտնվում է գործադիր իշխանության անմիջական թելադրանքի ներքո:

 

               Իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառած լինելով՝ iLur.am-ը տեղեկատվության աղբյուրը բացահայտելու մասին դատարանի  որոշումը արդեն իսկ բողոքարկել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

 

               ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը պարզելու նպատակով լրատվամիջոցի ներկայացուցիչների ՀՀ սահմանադրական դատարան դիմումը ևս կարող է վճռորոշ նշանակություն ունենալ ՀՀ-ում այս իրավունքի ավելի բարձր պաշտպանություն ապահովելու հարցում: Սակայն արդյոք գործող ՀՀ սահմանադրական դատարանն այսօր կարո՞ղ է հավակնել բարենորոգիչի կոչմանը:

 

 

-->