Քրիստինա Գևորկյան

Քրիստինա ԳևորկյանWorker

Kristina Gevorkyan

Քրիստինա Գևորկյանը միացել է մեզ 2015թ` որպես ԻԵՄ-ի` Սահմանադրական հանրաքվեի դիտորդական թիմի անդամ։ Նա 2017թ. հունվարից ինչև 2018թ․ հունվար աշխատել է ԻԵՄ-ում՝ որպես ավագ իրավաբան։ 2018թ․ Քրիստինա Գևորկյանը ընտրվել է ԻԵՄ-ի անդամ և ԻԵՄ-ի խորհրդի անդամ։

Իրավագիտության բակալավրի որակավորումը նա ստացել է 2001թ. Վրաստանի «Լեգիա» համալսարանում։ Իրավագիտության մագիստրատուրան (LLM) ավարտել է 2003թ․ Հայաստանի ամերիկյան համալսարանում։ 2010թ. նոյեմբերին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր և սկսել փաստաբանական գործունեությունը։ 2006-ից Քրիստինա Գևորկյանն աշխատում է հասարակական ոլորտում՝ իր առաջին հասարակական գործունեությունը ծավալելով «Ընդդեմ իրավական կամայականույթան» ՀԿ-ում, որի շրջանակում արտադատական և դատական կարգով անվճար իրավաբանական օգնություն է ցուցաբերել առավել խոցելի խմբերին։ Իր 12 տարվա մասնագիտական գործունեության ընթացքում Քրիստինա Գևորկյանը հաջողությամբ զբաղվել է նաև ռազմավարական դատավարություններով։ Նման գործերի օրինակ է մասնագիտական ուսուցման վարպետների ներգրավումը մասնակի կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձանց ցանկում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դեմ հինգ նմանատիպ գործերի հաջող դատավարության արդյունքում 2016-ին նախարարությունը լրացումներ է կատարել համապատասխան օրենսդրության մեջ` մասնագիտական ուսուցման վարպետներին ներառելով մասնակի կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձանց ցանկում:

Քրիստինան նաև մի շարք գանգատներ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Տվյալ բնագավառում հարկ է նշել Ադրբեջանի կառավարության դեմ բերված գանգատները՝ Մամիկոն Խոջոյանի, Կարեն Պետրոսյանի և 2016թ․ ապրիլյան պատերազմից տուժած երեխաների, ինչպես նաև կուտակային կենսաթոշակի համակարգի դեմ արտահայտված և աշխատանքից ազատված` մետրոպոլիտենի նախկին երեք աշխատողների գանգատն ընդդեմ ՀՀ-ի։

Քրիստինա Գևորկյանը նաև շատ կարճ ժամանակահատվածում ներգրավվել է ԻԵՄ-ի ընտրական ծրագրերում՝ որպես ընտրական գործընթացների և օրենսդրության, ինչպես նաև դիտորդների դիտարկման հմտությունների և դիտորդների վարքագծի կանոնների դասընթացավար։ Բացի դրանից, նա դիտորդների և դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների բողոքներով ներկայացուցչություն է իրականացրել ընտրական հանձնաժողովներում և վարչական դատարանում։ Նա նաև համակարգել է այս գործընթացում իրավաբանական թիմերից մեկը: