Լուսինե Հակոբյան

IMG_8941 (1)

Լուսինե Հակոբյանը  ԻԵՄ-ի հիմնադիրը և նախագահն է դեռևս 2011-ից:

1998-ին նա ավարտել է Երևանի պետական ​​համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը: 2006թ. ավարտել է Մոսկվայի ձեռներեցության միջազգային ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղը` դիպլոմավորված իրավաբանի մասնագիտությամբ: 2007-2008 թթ. նա իր  մագիստրոսական ծրագիրը՝ եվրոպական իրավունքի ոլորտում, ավարտել է Լոնդոնի Քուին Մերի համալսարանում:

Լոնդոնում ուսանելու ժամանակ՝ 2008-ին, Լուսինե Հակոբյանն իր ուսումնական պրակտիկան անցել է Լոնդոնի իրավապաշտպան ԱՐԹԻՔԼ 19 կազմակերպությունում, որը մասնագիտացած է արտահայտվելու ազատության իրավունքի ոլորտում:  Այդ ժամանակից ի վեր Լուսինե Հակոբյանն ավելի քան 10 տարի աշխատել է մի շարք հայաստանյան և միջազգային հեղինակավոր հասարակական կազմակերպություններում, այդ թվում՝ Հետազոտող լրագրողների ասոցիացիա, Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ-ները, Հայաստանի Հանրապետությունում ԵՄ խորհրդատվական խումբ (ԵՄԽԽ), ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ և այլն:

Փաստաբանական գործունեության արտոնագիրը նա ստացել է 2011-ին: Այդ ժամանակից ի վեր նա ներգրավվել է բազում դատական գործերում՝ ինչպես ներպետական դատարաններում, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:  Նա մասնակցել է քաղաքական մեծ հնչեղություն ունեցող այնպիսի քրեական գործերի, ինչպիսիք են՝ «Հարսնաքարի», Վարդգես Գասպարիի, «Սասնա Ծռերի» գործերը:  Նրա ներգրավմամբ քաղաքացիական գործերի ցանկը ներառում է Լեռնապատ համայնքի բնակիչների գործերը, «Ilur.am» լրատվամիջոցների գործերը, «Հրապարակ օրաթերթը», «Հետաքննող լրագրողները», «Ասպարեզը», և այլն: Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացրած գործերից պետք է նշել խոսքի ազատության, հավաքների ազատության, անձի ազատության և անձեռնմխելիության իրավունքների պաշտպանության նպատակով ներկայացված դիմումները, 2013-2014 թվականներին տեղի ունեցած բողոքի ակցիաների արդյունքում մի շարք ակտիվ քաղաքացիների խոշտանգումների արգելքի իրավունքի պաշտպանության նպատակով ՄԻԵԴ ներկայացրած դիմումները և այլն:

2011-ից ԻԵՄ-ի միջազգային գործընկերների աջակցությամբ հաջողությամբ իրականացրել  է բազմաթիվ ծրագրեր: Դրանց մեջ հատկապես առանձնանում է ԵԱՀԿ-ի/ ԱՄՆ ժողովրդավարական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող ծրագիրն ուղղված լրագրողների, գործող իրավաբանների և դատավորների շրջանում արտահայտվելու ազատության մասին գիտելիքների բարձրացմանը:

2012-ից նա ղեկավարել է մի շարք ընտրական, այդ թվում` դիտորդական ծրագրեր, որից ամենամեծը 2016-2018 թթ. ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող 2017թ. խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողության ծրագիրն էր:

2014թ. ի վեր Լուսինե Հակոբյանը ղեկավարել է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող երկու ծրագիր, որոնք ուղղված են պետական պաշտոններում, այդ թվում` քաղաքացիական ծառայության, դատական ​​իշխանության, դատախազության, քննչական մարմինների պաշտոններում նշանակումների նպատակով բաց, թափանցիկ և արդար մրցույթների անցկացմանը:

Լուսինե Հակոբյանը՝ որպես փորձագետ, հանդես է եկել օրենսդրական բարեփոխումներ պահանջող մի շարք ոլորտներում,ներառյալ ընտրական: Նա՝ որպես դասընթացավար, հաջողությամբ հանդես է եկել ընտրական օրենսդրության և գործընթացների, արտահայտվելու ազատության և հավաքների ազատության իրավունքների վերաբերյալ դասընթացներում: Անցկացրել է մարդու իրավունքների ոլորտում վերապատրաստման մի շարք դասընթացներ լրագրողների և գործող փաստաբանների համար: Նպաստել է իրավական բարեփոխումներին, իրականացրել շահերի պաշտպանություն/ջատագովություն և ռազմավարական վեճերում: