Նպատակն է փոքրիկ բաղադրիչներով թուլացնել խափանման միջոցի հիմքերը․ Տիգրան Եգորյան

«Խափանման միջոցը փոխելու՝ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունները նրանց իրավունքն է»,- 1in TV-ի հետ զրույցում ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ավագ իրավախորհրդատու, մարտի մեկի ինը զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը՝ անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի՝ միջնորդությունների միջոցով դատավարական ընթացքը ձգձգելու մարտավարությանը՝ հավելելով, որ միջնորդությունները ներկայացվել են տարբեր հիմքերով, որոնցից մի քանիսը ստեղծվել են Սահմանադրական դատարանի կողմից։

Փաստաբան Տիգրան Եգորյանն ասում է, որ ֆորմալ առումով դժվար է ասել, որ պաշտպանական թիմը դատարան է բերել նույն հիմքով մեկից ավել միջնորդություն, սակայն սա չի ենթադրում, որ այս գործընթացներն անխուսափելիորեն պետք է հանգեցնեն դատական գործընթացի ձգձգմանը․ «Մենք չենք ասում միջնորդությունները մի քննիր, հարգելի դատարան, այլ ասում ենք, որ քննիր, սակայն սահմանիր միջնորդությունների քննության հստակ ընթացակարգ, որպեսզի դատարանը չվերածվի լոնդոնյան Hyde Park Speakers’ Corner՝ ճարտասանների անկյան, որտեղ յուրաքանչյուրը, որը կարծում է թե արտահայտման խնդիր ունի, կարողանա խոսել առանց սահմանափակումների։ Իհարկե ամբաստանյալն ունի արդյունավետ պաշտպանության իրավունք, սակայն սա ուղիղ համեմատական չէ նրա ունեցած պաշտպանների քանակին խոսելու հնարավորություններին»,- ասաց Տիգրան Եգորյանը ու նկատեց, որ ստեղծված վիճակը նմանություն ունի Միացյալ Նահանգների սենատում կիրառվող քաղաքական մի հնարի․ երբ մի որևէ օրինագիծ տապալելու համար սենատորներից մեկը, օգտվելով իր խոսքի իրավունքից, անընդմեջ կարող է խոսել օրեր շարունակ։

Անդրադառնալով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ամիսներ շարունակ քննարկվող խափանման միջոցի փոփոխության հավանականությանը՝ Տիգրան Եգորյանն ասաց, որ կան մտահոգության առիթ տվող որոշակի խնդիրներ․«Իր կայացրած որոշումներից մեկով դատավոր Աննա Դանիբեկյանը համարել է, որ Ռոբերտ Քոչարյանի հինգ ամիս ազատության մեջ գտնվելու ժամանակահատվածում նրա կողմից նախաքննությունից չթաքնվելը բավարար է որպեսզի այն գնահատվի՝ բացակայող»։ Տիգրան Եգորյանը սա խնդրահարույց ձևակերպում է համարում։ 

Նա նաև նշեց, որ խափանման միջոցի հետ կապված ընթանում է ստվերային, խորքային գործընթացներ, որոնց նպատակն է փոքրիկ բաղադրիչներով թուլացնել խափանման միջոցի հիմքերը։  «Ահա վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի կողմից Քոչարյանի պաշտպանական խմբի բողոքը վարույթ ընդունելը ինձ մտահոգում և մտավախության առիթ է տալիս»,- ասաց Տիգրան Եգորյանը։

https://www.youtube.com/watch?time_continue=2&v=wjvy9YOCH7I&feature=emb_logo