Դատարանում դատախազը չի կարող հայտնվել մեղադրանքը չպաշտպանող կամքի նվազ առկայությամբ․ Տիգրան Եգորյան

«Բոլոր այն հարցերը, փաստերն ու փաստարկները, որոնք բարձրացվում են՝ որպես բացարկի հիմք, եթե կիրառվեն, ապա կվերածվեն դատախազի նկատմամաբ պատժի, քանի որ դատախազը դատավարության ընթացքում հանդես է գալիս մեղադրանքի կողմում և պաշտպանում է մեղադրանքը, այսինքն մեղադրում է»,- նոյեմբերի 26-ին դատարանում ասաց մարտի մեկի ինը զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը բանավոր միջնորդություն էր ներկայացրել դատախազ Կարեն Բիշարյանի բացարկի մասին։ Փաստաբանի խոսքով՝ դեռեւս 2018թ․ փետրվարի 23-ին խորհրդարանում 2008թ․ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ քննարկումների ժամանակ Կարեն Բիշարյանը հիմքեր չէր տեսնում Քոչարյանին անգամ որպես վկա հարցաքննելու համար։

Տիգրան Եգորյանը բացատրում է, որ նախաքննության ընթացքում դատախազի թույլ տված բացթողումները չեն կարող մեղադրանքը պաշտպանող դատախազի բացարկի պահանջի հիմք հանդիսանալ։ «Այսինքն՝ դատարանում դատախազը չի կարող հայտնվել մեղադրանքը չպաշտպանող կամքի նվազ առկայությամբ։ Այստեղ ներկայացված բոլոր փասատարկները, այլ ընթացակարգով և այլ վարույթների շրջանակում բարձրացման և քննարկման առարկա հարցեր են»,- ասաց Տիգրան Եգորյանը։

Փաստաբանը խոսեց նաև ամիսներ ձգձգվող դատավարական գործընթացից և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի մարտավարությունից։  «Հարգելի դատարան, դատավարական այս գործընթացներն օրենսդրության զարգացման արդյունքում բերվել են այնպիսի մի մակարդակի, որ բոլոր կողմերի պրոֆեսիոնալ ներկայացուցիչների ապահովումը երաշխավորի նաև ողջամիտ ժամկետում գործի քննությունը։ Պրոֆեսիոնալ փաստաբանի, դատախազի կամ այլ իրավաբանի համար չկա այնպիսի մի խնդիր, որը նա փաստերով ու փաստարկներով սահմանափակ ժամանակում  ներկայացնել չկարողանա»,- ասաց Տիգրան Եգորյանը։

Նա նշեց նաև, որ նման պրակտիկա կիրառվում է ոչ միայն տարբեր երկրների ազգային, այլև բարձր դատարաններում։ Տիգրան Եգորյանը ողջամիտ է համարում նման սահմանափակման կիրառումը դատավարության բոլոր մասնակիցների համար։ «Մասնավորապես երբ մի կողմից հանդես են գալիս մեկ անձի մի քանի ներկայացուցիչ, որոնք բոլորովին զրկված չեն հնարավորությունից իրենց դիրքորոշումները կոնսոլիդացնելու մեկ խոսքի շրջանակում։ Ամեն մեկի լրացուցիչ, փոքր ինչ փոփոխված, այլաբանական հավելումներով ելույթի ապահովումը որևէ իրավունքի ապահովման նպատակ իրականում չի հետապնդում։ Ես չեմ ուզում, որ մենք գնալով առարկայական դարձնենք մեզ համար Լոնդոնի զբոսայգիներից մեկը, որը կոչվում է Hyde Park Speakers’ Corner՝ ճարտասանների անկյուն, որտեղ յուրաքանչյուրը, որը կարծում է թե արտահայտման խնդիր ունի, կարողանա խոսի առանց սահմանափակումների։ Հարգելի դատարան ես խնդրում եմ, որպեսզի թե մեր՝ մեղադրող կողմի, թե դատախազության, թե պաշտպանական կողմի համար սահմանվեն համապատասխան ժամանակային սահմանափակումներ։ Հակառակ դեպքում, մենք դատապարտված կլինենք ամեն հարցի վերաբերյալ գնալ ապակառուցողական ճանապարհով»,- ասաց Տիգրան Եգորյանը։

https://www.youtube.com/watch?v=BADXjM7w5IM&t=7s&fbclid=IwAR3A69EjbelxuoPfc3I-T5yTa_Uo1qyNN2NARciDdq16UJnaXpmuRlvgEu4