Մտավախություն ունեմ, որ մենք պարզապես ժամանակ ենք կորցնելու․ Լուսինե Հակոբյան

«Սա խնդրի կարգավորմանն ուղղված բարեկամական առաջարկ է, որն արդեն մոտ երեք ամիս է դաշտում կա, սակայն ակնհայտ էր, որ Սահմանադրական դատարանի անդամների կողմից այդ առաջարկն ընդունելի չէր։ Կարծում եմ՝ կառավարությունը չափից դուրս մեծահոգի է։ Մտավախություն ունեմ, որ մենք պարզապես ժամանակ ենք կորցնելու»,- 1in TV-ի հետ զրույցում, անդրադառնալով կառավարության՝ Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման նախագծին  տված հավանաությանը, ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը՝ հավելելով, որ չնայած այս ամենի, ԱԺ-ի կողմից  Սահմանադրական դատարանի անդամների նախկին գործունեությանն իրավաքաղաքական գնահատական տալու գործընթացն անհրաժեշտություն է։ 

Քննարկման մյուս բանախոս, փաստաբան Կարապետ Բադալյանն ասաց, որ կառավարության այս առաջարկը Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամի լուծման տարբերակներից մեկն է, բայց ոչ միակը։ «Համոզված եմ, որ  կառավարությունն ու ԱԺ-ը հաստատակամ են Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման հարցում։ Այս վիճակը երկար շարունակվելով հանգեցնում է ժամանակի և ռեսուրսների վատնման, ուստի վստահ եմ՝ լինելու են նաև այլ քայլեր»,- ասաց Կարապետ Բադալյանը՝ համոզմունք հայտնելով, որ առաջիկա ամիսներին ՍԴ-ի ճգնաժամը լուծված կլինի, և ՀՀ կունենա ժողովրդավարության սկզբունքներին համապատասխանող, օրենքով ձևավորված Սահմանադրական դատարան։

Արդյոք օրենքի ընդունումը ճնշում չէ Սհմանադրական դատարանի անդամների վրա հարցին, բանախոսները պատասխանեցին, որ այն ավելի շատ արտոնությունն է, քան ճնշում, քանի որ նախագծում ընդգծվում է կամավորության սկզբունքը։

Պատասխանելով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմից, փաստաբան Արամ Վարդեւանյանի՝ Արդարադատության նախարարին ուղղված դիմումի հիմնավորվածության և փաստարկվածության հարցին, Լուսինե Հակոբյանն ասաց․ «Ես հստակ միտում եմ տեսնում․ բոլոր այն դատավորները, որոնք Քոչարյանի վերաբերյալ՝ նրա պաշտպանների աչքում, նպաստավոր որոշում չեն կայացրել, պիտակվում են՝ որպես ապօրինի ակտեր կայացրած, կողմնակալ, իսկ այն դատավորները, մասնավորապես՝ Ալեքսանդր Ազարյանը, Դավիթ Գրիգորյանը, որոնք Քոչարյանին համար նպաստավոր որոշումներ են կայացրել, դիտվում են անկախ։ Վարդեւանյանի դիմումը այս կոնտեքստում պետք է դիտարկել»։ 

Արամ Վարդեւանյանը դիմել էր Արդարադատության նախարարին՝ դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով։ 

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյան 2019թ․ հունիսի 25-ին բեկանեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի մայիսի 18-ի որոշումը և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ՝ որպես խափանման միջոց, կիրառեց կալանավորումը։ Նույն օրը դատավոր Դանիելյանը բեկանեց Սահմանդրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի որոշումը և համապատասխան քրեական գործն ուղարկեց նույն դատարան՝ նոր քննության։

«Այն ակնառու փաստը, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանը, լինելով Քոչարյանի նախկին աշխատակից, գործը քննելիս ինքնաբացարկ չէր հայտնել չափազանց լուրջ հարց էր, որն իրենց կողմից շարունակվում էր անտեսված մնալ։ Մինչդեռ արդարադատության հանրահայտ սկզբունք է, որ արդարադատությունը ոչ միայն պերք է հանդես գա օբյեկտիվ, այլև պետք է օբյեկտիվ դիտորդին, հանրությանը տեսանելի լինի որպես այդպիսին»,- ասաց Լուսինե Հակոյանը՝ հավելելով, որ փաստը, որ դատավորները կամ դատական համակարգը անկախ են գործադիրից, չի բացառում այն հանգամանքը, որ այդ նույն դատավորները չեն կարող կախված լիներ նախկին իշխանության այս կամ այն կարկառուն դեմքերից, օրինակ՝ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից։

Փաստաբան Կարապետ Բադալյանը կարծում է, որ Քոչարյանի փաստաբանական թիմի այս քաղաքականության հեռահար նպատակը դատավորների վրա ճնշում գործադրելն է՝ հետագայում իրենց համար անցանկալի որոշումներից խուսափելու համար։ «Վստահ եմ սակայն, որ այս մեթոդը չի հաջողվելու, քանի որ դատական համակարգի հիմնական խնդիրը քաղաքական կախվածությունն էր, ճնշվածությունն էր օրվա իշխանություններից, հիմա այդ գործոնը բացակայում է»,- ասաց Կարապետ Բադալյանը։

https://www.youtube.com/watch?v=pOPaFpUbW_Y&fbclid=IwAR3B7qZ2MhSzU4QgTDIybuJxYlvq-OnW_QaKHP8f-EyB1ZlGshQFF9m4nD0