300-րդ հոդվածով մեղադրանքը պետք է լրացվի 308-րդ հոդվածի 2-րդ մասով․ Տիգրան Եգորյան

«Սահմանադրական դատարանը ունի Սահմանադրությամբ սահմանված լիազորություններ, որոնք թվարկված են 168-րդ հոդվածով, որոնք արտաքին ներգործության լիազորություններ են, այսինքն՝ Սահմանադրական դատարանին դիմելու իրավունքն ունեցող մարմինների լիազորություններն են և լիազորություններ որոնք վերաբերում են դատարանակազմությանը և դատարանի գործունեությանը։ Այդ լիազորությունները բնականաբար շարադրված չեն Սահմանադրության 168-րդ հոդվածով, բայց ինքնին այն փաստը, որ դրանք շարադրված չեն «լիազորություններ» վերնագրով հոդվածի ներքո, չի դադարում այդ լիզորությունը դատարանինը լինելուց»,- 1in TV հետ զրույցում ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ավագ իրավախորհրդատու, մարտի  մեկի ինը զոհերի իրավահաջորդների փաստաբան Տիգրան Եգորյանը։

Տիգրան Եգորյանը բացատրում է, որ Սահմնադրական դատարանի կողմից դատարանի նախագահի ընտրությունը, որը թեև նախատեսված չէ 168-րդ հոդվածով, միևնույն է դատարանի լիազորություն է՝ վերապահված դատարանի ինը դատավորներին։ «Եթե կլինեն շատ «խորաթափանց» իրավաբաններ, որոնք կվկայակոչեն, որ դա ոչ թե դատարանի, այլ դատավորի լիազորություններ են, ապա ինը դատավորին վերագրվող լիազորությունը դատարանի լիազորություն է։ Ահա այս լիազորության կապակցությամբ է հարուցված այն գործը, որի շրջանակում կալանավարված է Արսեն Բաբայանը և կալանավորված չէ Արա Բաբլոյանը և այլք»,- ասաց Տիգրան Եգորյանը՝ հավելելով, որ 2018թ․ ապրիլի 9-ին ՀՀ նախագահը պետք է ստանձներ իր լիազորությունները, որից հետո 2015-ին հանրաքվեով փոփոխված Սահմանադրությունն ամբողջ ծավալով մտներ ուժի մեջ, որի արդյունքում արդեն Սահմանադրական դատարանը պետք է ինքնուրույնաբար ընտրեր իր նախագահին։ 

Տիգրան Եգորյանը նշում է սակայն, որ 2018թ․ փետրվարի 16-ին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է գալիս ՀՀԿ-անդամ Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ առաջադրելու առաջարկությամբ։ Այնուհետև, մարտի 2-ին Հրայր Թովմասյանը հրաժարվում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնից և ՀՀԿ-ական անդամությունից։ Մարտի 2-ին տեղի է ունենում նիստ և Հրայր Թովմասյանը ընտրվում է ՍԴ անդամ։ Նույն օրը արդյունքները հրապարակելուց հետո, Հրայր Թովմասյանը մոտենում է ամբիոնին և ստանձնում ՍԴ անդամի պարտականությունները երդմամբ։ Այս ամբողջ ընթացքում Հրայր Թոմասյանը շարունակում է մնալ ԱԺ պատգամավոր՝ վայր չդնելով պատգամավորի իր լիազորությունները։ Տիգրան Եգորյանը նշում է, որ Թովմասյանն այդ ընթացքում պատգամավորության մանդատից չի հրաժարվել, քանի որ հրաժարվելու համար կա հստակ ընթացակարգ։

«Օրենքով սահմանված կարգով ընթացակարգի կիրառման պարագայում, այսինքն եթե մարտի 2-ին Հրայր Թովմասյանը չստանձներ Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունը, փոխարենը դադարեցներ պատգամավորի իր լիազորությունները, ապա նա կարող էր ՍԴ անդամի լիազորությունները ստանձներ մարտի 20-ին՝ հերթական նստաշրջանի նիստերին, որից հետո սակայն նրա՝ որպես ՍԴ նախագահի թեկնածու առաջադրումն ու ընտրությունը հնարավոր չէր լինելու մինչև ապրիլի 9-ը, իսկ ապրիլի 10-ից գործելու էր 2015-ի Սահմանադրությունը»,- ասաց Տիգրան Եգորյանը։ 

Անդրադառնալով ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի գործողություններին՝ Եգորյանը նշում է․ «Մարտի 2-ին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դադարեցրել է Հրայր Թովմասյանի պատգամավորական լիազորությունները՝ նրա ՍԴ անդամ նշանակվելու հիմնավորմամբ արձանագրությամբ։ Այդ ժամանակվա գործող կանոնակարգով և առհասարակ Սահմանադրությամբ արգելված է, քանի որ պատգամավորի լիազորությունը չի կարող դադարեցվել, այն իր գործունեության ազատության երաշխիքներից է, իսկ այն ինչ կատարվել է՝ անթույլատրելի միջամտություն է պատգամավորի գործունեության նկատմամբ»,- ասում է Տիգրան Եգորյանը և ավելացնում, որ մարտի 5-ին ԱԺ կայքից տեղեկանում ենք, որ այդ ժամանակվա ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է հրաժարական։ «Մարտի 12-ին տարածվում է Գագիկ Հրությունյանի հրաժարականի հայտարարության տեքստը և նույն օրը Արա Բաբլոյանը Հրայր Թովմասյանին առաջադրում է ՍԴ նախագահի թեկնածու և նրան ընտրում են ՍԴ նախագահ մինչև ապրիլի 9-ը»,- ասում է Տիգրան Եգորյանը։ Տիգրան Եգորյանը նշում է նաև, որ Գագիկ Հարությունյանի հրաժարականը ստորագրվել է դեռ մարտի 1-ին, «Mulberry» համակարգ մուտքագրվել և ԱԺ կայքում հրապարակվել է մարտի 5-ին, սակայն հրաժարականի թղթային տարբերակի վրա գրված է, որ մուտգագրվել է մարտի 2-ին։ «Այս ամենը հնարավոր չէր լինի, եթե այս հրաժարականի դիմումը չլիներ և չլիներ ժամանակին»,- ասում է Տիգրան Եգորյանը։

Հարցին, թե ինչու է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին կալանավորելու, իսկ այս վերը նշված ամբողջ գործընթացի հիմնական դերակատար ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին ազատության մեջ թողնելու որոշում կայացվել։ 

«Ես չէի շտապի պարոն Բաբլոյանին գլխավոր դերակատար նշանակել։ Որպեսզի նախաքննությունն իրականացվի արդյունավետ, վարույթն իրականացնող մարմնի կողմից կասկածի օղակներին պետք է մեկուսացնել միմյանց հետ կապից։ Սա շատ կարևոր բաղադրիչ է, որպեսզի բացառվի հնարավորությունը համապատասխանեցնելու տեղեկությունները և փաստերը։ Վարույթ իրականացնող մարմինը ինքն է որոշում, թե այս օղակներից որն է առանցքայինը, որի մեկուսացնելով հնարավոր կլինի արդյունավետորեն քանդել այս շղթան»,- ասաց Տիգրան Եգորյանը՝ նշելով, որ իրավիճակը շատ ցավալի է, քանի որ Արսեն Բաբայանն ունի մանկահասակ երեխա, սակայն սա պայմանավորված է նախաքննության արդյունավետությամբ։

 Դառնալով Գագիկ Հարությունյանին՝ Տիգրան Եգորյանը նշեց․ «Գագիկ Հարությունյանը շատ լուրջ հարցերի պատասխաններ դեռ մեզ պետք է տա, թե ինչպես ստացվեց, որ 95-ից ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող պարոն Հարությունյանը 2018-ի մարտի 1-ին, երբ մեկ ամսից ՍԴ-ն ունենալու էր ինքնավարության բոլորովին այլ մակարդակ և հանարավորություն էր ունենալու ընտրելու իր նախագահին, որոշեց տալ հրաժարական։ Սա լուրջ հարց է»,- ասաց Տիգրան Եգորյանը։

 Փատաբանը նշեց նաև, որ Սահմանադրական դատարանի լիազորությունների յուրացման հոդվածով հարուցված քրեական գործը պետք է լրացվի նաև 308-րդ հոդվածով երկրորդ մասով, որն է՝ նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

 «300-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը ոչ մի դեպքում չպետք է փոխարինվի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, եթե սա արվեց, մենք կունենանք լրջագույն խնդիր՝ ուղղված այս գործով արդյունավետ քննության դեմ»,- ասաց Տիգրան Եգորյանը։

https://www.youtube.com/watch?v=r2NgQE_dVZo&feature=youtu.be&fbclid=IwAR1Aif4jEoMmYblaE6uMCWK9WetBE66fHiA4GlFv2gCUU6S021_-F2Hzxg0