Ռոբերտ Քոչարյանը լավ կանի բացատրություններ տա իրեն մեղսագրվող արարքների մասին․ Տիգրան Եգորյան

«Քոչարյանի երեկվա պնդումները հուզական ժանրից էին և որևէ մեկը չի էլ պնդում, որ ազատության մեջ հայտնվելով Ռոբերտ Քոչարյանը կարող է տասնմեկ տարի առաջ ստորագրած հրամանագրում խմբագրումներ անել։ Այդ ներգործությունն ու ազդեցույթունը բնավ չի արվելու ինչ-որ փաստաթղթերի խմբագրմամբ։ Էդ շատ կոնկրետ դրսևորման ձևեր ունի»,- «Ազատության» հետ զրույցում ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ավագ իրավախորհրդատու, մարտի  մեկի ինը զոհերի իրավահաջորդների փաստաբան Տիգրան Եգորյանը։

Ըստ Տիգրան Եգորյանի՝ ճնշումները վկաների վրա չեն արվում այն հուզականության ու արժանապատվության կոնտեքստում պարոն Ռոբերտ Քոչարյանի կողմից նկարագրված գործողություններով։«Մոտավորապես այդպիսի «ազնիվ խոսքի» ու  նույն արժանապատվության զգացողությամբ կատարվել են այն արարքները, որոնց համար հիմա նա մեղադրվում է»,- ասաց Տիգրան Եգորյանը։

Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական  կարգը։

Տիգրան Եգորյանը կարծում է նաև, որ Ռոբերտ Քոչարյանը դատարանում ունեցած իր ելույթով փորձում է դատարանի դահլիճի մեղադրյալների հատվածում հավաքված մարդկանց վերագրել պետության կարևորությունը հասկացող ու հարգող պետական այրերի հատկանիշ «որը նույնիսկ անհնար է դարձնում  նրանց կողմից արդարադատության խոչընդոտումը և էլ ուր մնաց, արդարադատությունից փախնելու կամ թաքնվելու միտքը»։ 

«Հիմա պատկերացրեք, որ դահլիճի այդ անկյունում նստած է նաև Միքայել Հարությունյանը, որը լինելով ՀՀ ՊՆ նախարար թաքնվել է օտար դրոշի տակ։ Եթե նա լիներ, այս հայտարարությունը նրան էլ էր չէ վերագրվելու»,- ասում է փաստաբանը։

Տիգրան Եգորյանը նշում է, որ Ռոբերտ Քոչարյանը մեկ տարի հանրությանը իր արգելանքից ազատվելու չափազանց բարձր անհրաժեշտության վերաբրյալ տարատեսակ պնդումներով զբաղեցնելու փոխարեն, լավ կաներ բացատրություններ տար իրեն մեղսագրվող արարքների մասին։

https://www.youtube.com/watch?v=Km-mGDw5-zY&feature=share&fbclid=IwAR1ACmStrZLTtEW-1c60o7qnqPCzxiSwr_URzOw9zYD_rBaJ69BeKMEp6dc