Մենք դեռ երեկ պետք է լուծած լինեինք Սահմանադրական դատարանի ճգնաժամը․Լուսինե Հակոբյան

«Մենք լսեցինք վարչապետի հայտարարությունն այն մասին, որ 2019թ․ Հայաստանը պետք է ունենա 2019-ին համարժեք Սահմանադրական դատարան, սակայն տեսնում ենք, որ տարին մոտենում է ավարտին, իսկ մենք դեռ չունենք այդ Սահմանադրական դատարանը, քանի որ ի հեճուկս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գնահատականներին, Հրայր Թովմասյանն ու մյուս անդամները շարունակում են պաշտոնավարել և չզիջել իրենց դիրքերը»,- 1in TV-ի հետ զրույցում, անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի Հայաստանի Սահմանադրական դատարանին վերաբերող հայտարարությանը, ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը։ 

Փատաբանը նշեց, որ իրավիճակը համադրելի է 2018թ․ Թավշյա հեղափոխությանը նախորդող ժամանակահատվածին, երբ հասկանալի էր, որ Սերժ Սարգսյանը պետք է գնա։ «Խնդիրը Սերժ Սարգսյանի անձը չէր, այլ այն համակարգը, որի պարագլուխը նա էր։ Ժողովրդի համար հստակ էր, որ Սերժ Սարգսյանը և իր թիմը չեն սպասարկում ժողովրդավարական հասարակության շահը և պետք է գնան, սակայն Սարգսյանը համառեց մինչև այն կետը, որ այլևս չկարողացավ չգնալ։ Նույն համառությունը դրսևորում են Հրայր Թովմասյանն ու անդամները՝ թույլ չտալով, որ Հայաստանում դատական համակարգը զարգանա ժողովրդավարական ճանապարհով՝ ունենալով 2019-ին հարիր Սահմանադրական դատարան»,- ասաց Լուսինե Հակոբյանը։

Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի հայտարարությանը, Լուսինե Հակոբյանն ասաց, որ գնահատում է պարոն Բուքիքիոյի հավասարակշռված մոտեցումը Հայաստանի Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամին։ «Խնդիրն այն է, որ մենք դեռ երեկ պետք է լուծած լինեինք Սահմանադրական դատարանի ճգնաժամը, քանի որ ժամանակի կորուստը միայն ի վնաս Հայաստանին է աշխատելու․ վաղը ԵՄ-ն է ասելու, որ իրենց համար Վենետիկի հանձնաժողովի կարծիքն է կարևոր, մյուս օրը՝ ԱՄՆ-ն է հղում տալու իր գործընկերներին և այս ամենը աշխատելու է ի վնաս ՀՀ կառավարությանը և ԱԺ-ին»,- ասաց Լուսինե Հակոբյանը՝ հավելելով, որ այս դանդաղկոտությունը որևէ արդարացում չունի։

Խոսելով Հրայր Թովմասյանին սատարող քարոզչամեքենայի մասին, որը փորձում է ՍԴ-ում առկա ճգնաժամը կապել «Ռոբերտ Քոչարյանի և մյուսների» գործի հետ, Լուսինե Հակոբյանը հիշեցրեց, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն այդ ճգնաժամի մասին բարձրաձայնել է այն ժամանակ դեռ, երբ «Ռոբերտ Քոչարյանի և մյուսների» գործը չէր տարվել ՍԴ և Հրայր Թովմասյանն էլ չէր դիմել ՄԻԵԴ-ին ու Վենետիկի հանձնաժողովին։ «Վահե Գրիգորյանը ՀՀ նախագահի կողմից՝ որպես ՍԴ դատավորի թեկնածու, առաջադրվել էր դեռևս անցած տարվա հոկտեմբերին և եթե հնարավորություն լիներ այն ժամանակ նրա ընտրվելու, ապա վստահ եմ, որ ՍԴ ճգնաժամի հարցը կբարձրաձայնվեր այն ժամանակ։ Այս ամենի հետ կապ չունի «Ռոբերտ Քոչարյանի և մյուսների» գործն առհասարակ։ Այս կապն արհեստական է, սուտ է և քարոզչություն է»,- ասաց Լուսինե Հակոբյանը։

https://www.youtube.com/watch?v=3fvccC-O2uw&fbclid=IwAR2q1jSqb1T9E26W9y4q_dU3sVh-9OeiCHF8A6JagwQxA6-czcJ4nDAvyt4