Հիվանդագին անհանդուրժողականություն ունեմ երեսպաշտության, երկերեսանիության և փաստերի խեղաթյուրման նկատմամբ․ Տիգրան Եգորյան

«Ցավոք առաջին զեկույցի կապակցությամբ չեմ կարող որևէ արձագանք չտալ։ Խոսքը վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի այսօր ներկայացրած իրավունքի և օրինականության կապակցությամբ մարտիկի դիրքերից նրա հանդես գալուն»,- հոկտեմբերի 7-ին ԱԺ-ում «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներին ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ավագ իրավախորհրդատու, մարտի  մեկի ինը զոհերի իրավահաջորդների փաստաբան Տիգրան Եգորյանը։

Փաստաբանը նշեց, որ ինքը հիվանդագին անհանդուրժողականություն ունի որոշ երևույթների՝ փարիսեցիության, երեսպաշտության, երկերեսանիության և փաստերի խեղաթյուրման նկատմամբ և կարևորում է հիշեցնել ՄԻՊ Արման Թաթոյանի՝ 2013-16թթ․ գործունեությունը։

«Պարոն Թաթոյանը, լինելով արդարադատության փոխնախարար և ՀՀ կառավարության ներկայացուցչի գրասենյակի Մարդու իրավունքների եվրոպական դատարանին ներկայացվող առարկությունների պատրաստման վարչության վերահսկող, պատասխանատու էր այդ ժամանակահատվածում կառավարության անունից այն անմիտ, անիմաստ, իրավունքից և այսօր իր հռչակած սկզբունքներից ու դրանց բովանդակությունից չբխող ՄԻԵԴ-ին ներկայացված պատասխանների համար, որոնց պատճառով տարիներով ձգձգվել են ՄԻԵԴ դիմած քաղաքացիների իրավունքների վերականգնման գործընթացները»,- ասաց փաստաբանը։

Ըստ Եգորյանի՝ այս գործողությունները չէին սահմանափակվում միայն առարկությունների տեքստեր պատրաստելով և դրանք ՄԻԵԴ-ին հրամցնելով։ «Այս գործողություններն ընդգրկում էին նաև իշխանական լիազորությունների այնպիսի գործադրում, որի միջոցով համապատասխան կեղծ տեղեկություններ էին փաստաթղթավորովում և հրամցվում կառավարության անունից,- ասաց Տիգրան Եգորյաը։- Ավելին՝ ազգային մակարդակում, կոնկրետ «Խաչատուրյան ընդդեմ Հայաստանի գործով» պարոն Թաթոյանի դիմումի հիման վրա Կադաստրի պետական կոմիտեն պատժի ենթարկեց այն միակ փորձագետին, որն այդ սարսափելի պայմաններում հանդգնեց կատարել իրական շուկայական գնահատում, այնպիսի չափանիշներով, որոնք որ արգելված էր կիրառել այդ ժամանակ»։ 

Բոլոր այն պաշտոնյաներին, որոնք որ 2018-ի հեղափոխությունից առաջ «բոլորովին այլ սրբություններ և սկզբունքներ էին պաշտում», Եգորյանը, խորհուրդ տվեց չմոռանալ նշել այդ անցման պատճառները և դրանց հիմքում ընկած իրական շարժառիթները։ 

«Ես բնավ հեռու եմ մտածելու, որ այդ ամենը կատարվում էր այսօրվա հռչակվող բարձր մղումների շրջանակում»,- ասաց Տիգրան Եգորյանը

։https://www.youtube.com/watch?v=lFWc6qbLXpQ&fbclid=IwAR3ySyzmDVSQ251aZd7Pil4922R5EEyBDmcGCrJUGGIvVdv2LtEXR5INPJQ