Որոշումը կայացվել է առանց մրցույթի և ոչ թափանցիկ ընթացակարգով․ Լուսինե Հակոբյան

«Որոշումը կայացվել է առանց մրցույթի և ոչ թափանցիկ ընթացակարգով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թրանսփարենսիի բազում անդամներ ներկայումս կառավարության կազմում և ԱԺ-ում են՝ հիմնական նպատակը եղել է «Թրանսփարենսի ինթերնեշնլին» դրամաշնորհը տալը»,- iravaban.net-ի հետ զրույցում, անդրադառնալով Արցախում սեպտեմբերի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացելու համար «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին  և «Իրազեկ քաղաքցիներ միավորում» ՀԿ-ին ՀՀ կառավարության կողմից դրամաշնորհ տալու ընթացակարգին, ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը։ 

Լուսինե Հակոբյանը նշում է, որ լավագույնը կլիներ, եթե բաց ընթացակարգով մրցույթ հայտարարվեր և հրավիրվեին համապատասխան փորձ ունեցող կազմակերպությունները, որից հետո, ըստ ներկայացված ծրագրի և նախօրոք սահմանված չափորոշիչների, կատարվեր ընտրությունը։

«Այն մեթոդաբանությունը, որը ներկայումս կիրառում են հիմնական դիտարդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները, մշակել է «Իրավունքի Եվրոպա միավորումը»։ Թրանսփարենսի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը 2013թ․ ունեցել է «Իրավունքի Եվրոպա միավորման» դիտորդի կարգավիճակ, նույնը՝ Լենա Նազարյանը, Նարեկ Բաբայանը և այլք։ Կրծում եմ՝ եթե ավելի մեծ փորձառությանն ու ավելի մեծ կարողություններին անդրադառնայինք, ապա «Իրավունքի Եվրոպա միավորումը» հաստատ այստեղ ավելի մեծ փորձառություն և ավելի լուրջ կարողություններ ուներ՝ դիտորդություն անելու»,- ասաց Լուսինե Հակոբյանը։ 

Անդրադառնալով Իրազեկ քաղաքացիներ միավորում հասարակական կազմակերպությանը՝ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Կիրակոսյանն Արցախում քաղաքացիական հասարակությանը աջակցելու ու ընտրական փուլում ակտիվ դիտորդական առաքելություն իրականացնելու գաղափարը ողջունում է, բայց խնդրային է համարում դիտորդություն իրականացնող կազմակերպությունների ընտրության կարգը։ «Սա այն դեպքերից է, որ նպատակը չի արդարացնում միջոցները։ Որևէ բան չէր խանգարում, որ մրցույթ հայտարարվեր։ Ես կարծում եմ՝ վատ նախադեպ է և հույս ունեմ, որ սա կլինի վերջինը»,- ասաց Արտակ Կիրակոսյանը։

https://www.youtube.com/watch?v=kC6wcgXy7EE&fbclid=IwAR0JGRnkgHOTVr7eZDWflopLuvNt7YWjgU_L0ngC3-hOxMtiU2tkqA4vxN4