Այդ 100 փաստաբանների մի մասը նախկին ռեժիմի ներկայացուցիչներ են, մի մասն էլ՝ մոլորյալներ. Լուսինե Հակոբյան

«Այն ինչ կատարվեց մեր, իսկ հետո նաև Գևորգ Դավթյանի հետ, արտահայտվելու իրավունքի ազատության կոպիտ խախտում է․ առավելևս անընդունելի է այն, որ այդ խախտումը կատարվել է մի խումբ անձանց կամ անձի կողմից, որոնք հայտարարում են, թե իրենք իրավունքն են պաշտպանում»,- Factor.am-ի հետ զրույցում, խոսելով փաստաբան Գևորգ Դավթյանին Attorney At Law փաստաբանների ֆեյսբուքյան փակ խմբից հեռացնելու մասին, ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը։ 

«Այդպես չի լինում, չեն լինում այսպես կոչված սեքսի իրավունքներ, որոնք պետք է պաշտպանել, օրինակ՝ արդար դատաքննության իրավունքը, իսկ օրինակ՝ այս մի խումբ փաստաբանների խոսքի ազատության իրավունքը սեքսի չէ և, ըստ նպատակահարմարության, կարող են գրաքննություն մտցնել և ազատեն խմբերը իրենց համար անցանկալի անձանցից»,- ասաց Լուսինե Հակոբյան։

Փաստաբանը ողջունելի է համարում, որ հայաստանյան իրավապաշտպան գործունեության մեջ մեծ վաստակ ունեցած փաստաբանները, ինչպիսիք են՝ Մուշեղ Շուշանյանը, Արեգ Պապիկյանը, Մոնիկա Մարգարյանը, Քրիստինա Գևորգյանը և այլք նույնպես արտահայտվել և լքել են այդ խումբը։ 

«Նրանք այս քայլով իրենց անհանդուրժողականությունը հայտնեցին նման արատավոր գործելաոճի նկատմամբ։ Կարծում եմ, որ տեղի է ունենում փաստաբանության բյուրեղացման գործընթաց։ Կարծում եմ նաև, որ երիտասարդ փաստաբանները, որոնք մոլորության մեջ են, ժամանակի ընթացում շատ բաներ կվերաիմաստավորեն, և ամեն բան իր տեղը կընկնի»,- ասաց Լուսինե Հակոբյանը՝ հավելելով, որ ինքը այս գործընթացների հետ կապված մտահոգություն չունի, քանի որ նման զարգացումները փաստաբանական դաշտի ներքին բարեփոխումների մեկնարկն են։