ՍԴ անդամները ձեռնահաս չեն պարզագույն խնդիրները քննարկելու․ Տիգրան Եգորյան

«Այս պահին ոչ թե ժամկետներն են էական, թեև դա նույնպես էական է, այլ բուն որոշումը՝ գործի վարույթը կասեցնելու և խորհրդատավական կարծիք ստանալու համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկի հանձնաժողով դիմում ներկայացնելու հարցը։ Կարևոր է այս որոշման իրավաչափությունն ու բովանդակությունը»,-  այս մասին, զրուցելով «Ազատության» հետ, ասել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ավագ իրավախորհրդատու, Մարտի մեկի գործով տուժածների իրավահաջորդների փաստաբան Տիգրան Եգորյանը։

Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշում է կայացրել «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերի վարույթները կասեցնելու վերաբերյալ:

ՍԴ կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, այդ գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու կապակցությամբ դատարանը որոշել է մինչև պատասխաններ ստանալը կասեցնել վարույթները:

«Սահմանադրական դատարանի կայացրած այս որոշումները լրացուցիչ ապացույց են այն բանի, որ Սահմանադրական դատարանի այս յոթ անդամները մասնագիտական ձեռնահասության կապակցությամբ չեն կարող իրականացնել սահմանադրական արդարադատություն և հանդես գալ այդ դատարանի անունից»,- ասաց Տիգրան Եգորյանը։

Ըստ փաստաբանի՝ եթե դիտարկում ենք այս անձանց կողմից կատարված հարցադրումների բովանդակությունը,  ապա ակնհայտ է դառնում, որ կամ ՍԴ անդամները ձեռնահաս չեն նման խնդիրները քննարկելու և որոշում կայացնելու, կամ հետապնդում են բոլորովին այլ նպատակ։ 

«Երբ դիտարկում ենք ՍԴ յոթ անդամները ՄԻԵԴ-ին և Վենետիկի հանձնաժողովին հղված հարցերի բովանդակությունը, ապա նույնիսկ ցանկացած ողջամիտ մարդ, որ չունի իրավաբանական մասնագիտական կրթություն, կարող է հասկանալ, որ սա շատ մակերեսային և անլուրջ մի դիմում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանդրական արդարադատություն իրականացնող բարձր դատարանի՝ Սահմանադրական դատարանի անունից ուղարկվել է միջազգային ատյաններին»,- ասաց Տիգրան Եգորյանն ու հավելեց, որ եթե այս յոթ անդամները կարիք ունեն այն հարցերի պատասխանների, որոնք շարադրված են ՍԴ որոշումներում, ապա այդ մարդիկ անելիք չունեն ո՛չ Սահմանադրական դատարանում, ո՛չ այլ դատարաններում։ 

«Այս տեսակի հարցերի վերաբերյալ քննության անհրաժեշտությանը բախվում է նաև ցանկացած այլ դատարան»,- ասաց Տիգրան Եգորյանը։  

https://www.youtube.com/watch?v=i8EQgrMiQ2g&fbclid=IwAR0-NPSy5LNByPG8Au8gZocK1TLYkH7KkOMUnA5xzibt8IEZdzKZJijxSCU