Իշխանությունը պետք է ցավոտ ռեֆորմներ կատարելու վճռականություն ունենա . Լուսինե Հակոբյան

«Կա էսպիսի մի սկզբունք, որի մասին Եվրոպայում շատ են խոսում, որ երբ բռնակալներին գահընկեց անելուց հետո նրանց ենթարկում ես հետապնդման, դա այսպես ասած, չի խրախուսի այլ պետությունների բռնակալներին երբևէ  հրաժարվել իշխանությունից:

Ես չէի ուզենա հավատալ, որ դա է հիմա կատարվում և Սերժ Սարգսյանին տրվել են երաշխիքներ, ես չէի ուզենա դրան հավատալ: Ես ամենևին չեմ կիսում այդ մոտեցումը և կարծում եմ, որ այդ անձինք պետք է անպայմանորեն ենթարկվեն պատասխանատվության և չենթարկվելը ոչ թե խթան կհանդիսանա կամ խրախուսանք կհանդիսանա այլ բռնակալների համար, այլ ենթարկելը հենց սառեցնող ազդեցություն կունենա այլ պետությունների բռնակալների համար, որոնք կհասկանան, որ ի վերջո իրենց հետևից էլ են գալու էն ամենի համար, ինչ իրենք կատարել են իրենց ժողովուրդների հանդեպ: Եվ ես կարծում եմ, որ եթե էս իշխանությունը չհետապնդի, մյուս իշխանությունն է հետապնդելու և դա պետք է անխուսափելի լինի, ու դա չանելու հետևանքները կարող են շատ ծանր լինել: Այսօր մենք տեսնում ենք, որ հենց նույն Ս. Սագսյանը, փոխարենը հանգիստ  գնա ու ինչ-որ մի տեղ, ասենք, այգեգործությամբ զբաղվի, ուղղակի էլի ինչ-որ տարբեր հայտարարություն է անում, գնահատականներ է տալիս ինչ-որ գիտունիկների կողմից սահմանադրություն մեկնաբանելու և այլնի մասին, մինչդեռ անցած տարվա ապրիլի 23-ից հետո, երբ նրա հրաժարականը պարզապես համազգային տոնի էր վերածվել, նա գոնե ամոթից պետք է լռեր և տևական ժամանակ լռեր, գոնե մի տասը տարի»:

«Շատ էական է, որ իշխանությունը հասկանա, որ լուրջ ռեֆորմները լինում են ցավոտ և լինում են հեղինակության կորստի հաշվին, և դա այդպես է, չես կարող մարդկանց համար անվերջորեն մնալ լավը և սիրելի, եթե կպնելու ես լուրջ, ցավոտ կետերի, անպայման դա հանգեցնելու է հեղինակության կորստի և դա անխուսափելի է: Եվ իրենք ունեն ընտրություն. կա՛մ իրենք անելու են այդ ռեֆորմները, կա՛մ իրենք չեն անելու և քանի որ պրոցեսները շատ են արագացել, իրենց մարդիկ շատ արագ չեն ներելու չանելը: Անելուց կարող է այդ հեղինության կորուստը լինի, բայց կանցնի ժամանակ և մարդիկ կվերագնահատեն, կհասկանան իրենց արածի դերը, և էդպես իրենք թեկուզ կմնան պատմության մեջ որպես մարդիկ, ովքեր արեցին շատ կարևոր ռեֆորմներ, իսկ չանելուց և հեղինակությունը ի վերջո կկորցնեն, և ոչ մի առաջընթաց մենք չենք ունենա»,- ընդգծեց Լուսինե Հակոբյանը: