Վահե Գրիգորյանը ոչ թե սկսել, այլ ախտորոշել է առկա սահմանադրական ճգնաժամը

«2015-ի դեկտեմբերի սահմանադրական հանրաքվեից հետո, ընդհուպ մինչև Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի ընտրությունը, որևէ քաղաքական կազմակերպություն կամ քաղաքական որևէ գործունեություն ծավալող անձ այդ մասին չի խոսել։ Այս հարցին չեն անդրադարձել Սահմանադրական դատարանի անդամները և անգամ ավելի վաղ ընտրված դատավորը։ Սակայն սա չի նշանակում, որ այս ճգնաժամն ու խնդիրն առաջացել են միայն այն ժամանակ, երբ այն ախտորոշվել է Վահե Գրիգորյանի կողմից»,- այս մասին Հանրային հեռուստաընկերության «Հանրային քննարկման» տաղավարում ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանը։

Ըստ Եգորյանի՝ սահմանադրական ճգնաժամն առաջացել է 2018թ ապրիլի 9-ից։ Դիմելով քննարկման մեկ այլ բանախոսի՝ ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանին, Տիգրան Եգորյանն ասաց․ «Ես շատ կուզեի, որ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչի հետ ոչ միայն իրավական կոնտեքստում, այլև իրավական հարթության վրա խոսել, հակառակ դեպքում, ինչպես ես հասկացա ձեր խոսքից, դուք ասում եք, որ շատ լավ է, որ փաստաբաններն անհատական իրավունքները, այդ թվում՝ Սահմանադրությամբ սահմանված, դատական վեճերի շրջանակում մանրակրկիտ և բոլոր իրավական ընթացակարգերի պահպանմամբ փորձեն հասնել արդարադատության, սակայն երբ խոսքը վերաբերում է Սահմանադրությանը, ստացվում է, որ այդ ամեն ինչը էական չէ և պետք է մոտարկվող լուծումներ գտնել։ Ես չեմ պատկերացնում, թե նման մոտեցմամբ ինչպե՞ս է հնարավոր իրավական պետությունում որևէ գործընթաց առաջ տանել»,- ասաց Տիգրան Եգորյանը։

Փաստաբան Եգորյանը նշեց, որ քննարկվում է կոնկրետ փաստաթուղթ և այդ փաստաթղթերով սահմանաված անցումային դրույթները․ «Եթե մենք խոսում ենք այն մասին, որ սահմանադիրը նպատակ է ունեցել և իր մտքում պահել է այն, որ Սահմանադրական դատարանի անդամները Սահմանադրական դատարանի դատավորներն են և հակառակը, և որ տեղերի փոփոխությամբ բովանդակությունը չի փոխվում, ապա նման իրավիճակում երկու տարբեր կարգավիճակների սուբյեկտների լիազորությունների շարունակությունը Սահմանադրությունը կսահմաներ իր անցումային դրույթներով՝ ասելով, որ այս սուբյեկտները շարունակում են պաշտոնավարել՝ որպես այս մարմնի սուբյեկտներ»,- ասաց Տիգրան Եգորյանը՝ նկատելով, որ «անդամներ» և «դատավորներ» տարբերությունները սահմանված են Սահմանադրությամբ և Սահմանադրական օրենքով։

«Այսօր, մերժելով Սահմանադրությամբ սահմանված այն անցումը, որը պետք է ապահովեր դատարանի փոփոխությունը, այսինքն՝ դատարանում որոշումներ ընդունելու լիազորություններ ունեցող սուբյեկտների փոփոխությունը,  շնորհիվ մեր ընդդիմախոսների, ըստ էության, ունենք թեզ, համաձայն որի՝ անցումային ժամանակահատվածը զուգահեռում է ինչպես Սահմանադրական դատարանի անդամների, այնպես էլ Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարումը։ Այս անցումը չի ավարտվելու մինչև որ նախկին ընտրված անդամները չմահանան կամ չհասնեն համապատասխան տարիքի, որով սահմանափակվում է նրանց պաշտոնավարման ժամանակահատվածը»,- ասաց Տիգրան Եգորյանը։