ՍԴ նախագահը դեռ պետք է ընտրվի ՍԴ դատավորների կողմից. Լուսինե Հակոբյան

«Հրայր Թովմասյանը և մնացած վեցը Սահմանադրական դատարանում որևէ լիազորություն չունեն։ Նրանք պարզապես պետք է տուն գնան»,- 1in.tv-ի հետ զրույցում ասում է «Իրավունքի Եվրոպա միավորում» (ԻԵՄ) իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը։

Ըստ Լուսինե Հակոբյանի, եթե Սահմանադրական դատարանի անդամները կամավոր չեն հեռանում, ապա ՀՀ սահմանադրական մարմինները պարտավոր են իրացնել Սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորություններ։ «Սահմանադրական դատարանի կազմավորման գործում ՀՀ նախագահը, կառավարությունը և դատավորների ընդհանուր ժողովն ունեն գործուն մասնակցություն։ Նախագահն արդեն իսկ առաջադրել է Վահե Գրիգորյանին և կարող է ևս եկրկու առաջադրում կատարել։ Դատավորների ընդհանուր ժողովն առաջադրել էր Արման Դիլանյանին և կարող է ևս երկու առաջադրում անել և կառավարությունը կարող է անել երեք առաջադրում»,- բացատրեց Լուսինե Հակոբյանը։

Փաստաբանը նշում է, որ այս երեք մարմիները, Սահմանադրական դատարանի կազմի համալրման անհրաժեշտության մասին տեղեկացվելու պահից սկսած մեկ ամսյա ժամկետում, պետք է կատարեն իրենց առաջադրումները, իսկ ԱԺ պետք է ընտրի այդ թեկնածուներին՝ հնարավորինս արագ ձևավորելով Սահմանադրական դատարանի կազմը։

Հարցին, թե ինչո՞ւ են ՍԴ անդամները ժամանակ ձգում՝ արժանապատիվ հեռանալու փոխարեն, Լուսինե Հակոբյանը պատասխանեց, որ հավանական է՝ նրանք ամբողջ ծավալով չեն պատկերացնում իրավիճակի լրջությունը։

«Նրանք նաև ակնկալում են, որ ինչ-ինչ ուղիներով իրենց հին կապերը և հին ականները միջազգային և այլ կառույցներում գործի դնելով կկարողանան իրենց համար բարենպաստ հանգուցալուծումների հասնել՝ փորձելով երկարաձգել Սահմանադրական դատարանում իրենց գոյություն, օրինակ Հրայր Թովմասյանի դեպքում մինչև 2035թ․, սակայն պետք է հիշել, որ այստեղ խնդիրն իրենք չեն։ Խնդիրը ՀՀ Սահմանադրական դատարանի՝ որրպես սահմանադրական արդարադատություն իրականացնող բարձրագույն ատյանի հեղինակությունն է»,- ասաց Լուսինե Հակոբյանը՝ հավելելով, որ այսօր դժվար է գտնել մի ողջամիտ քաղաքացի, որը կհավատա, որ այսօրվա Սահմանադրական դատարանի այս յոթ անդամները անկախ են ու զերծ են քաղաքական ազդեցություններից։