Աշխատանքային քննարկում․ Մեծացնելով կանանց քաղաքական մասնակցությունը և առաջնորդության հմտությունները

2019թ․ փետրվարի 9-10-ը «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի» նախագահ Ստեփան Գրիգորյանի հրավերով մասնակցեցին կենտրոնի կազմակերպած աշխատանքային քննարկմանը՝ «Մեծացնելով կանանց քաղաքական մասնակցությունը և առաջնորդության հմտությունները» խորագրով։ Քննարկման մասնակիցներն առավելապես Հայաստանում գործող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներն էին։ Աշխատանքային քննարկումը նպատակ էր հետապնդում բարձրացնելու մասնակիցների իրազեկվածությունը քաղաքական որոշումների կայացման բարձր օղակներում կանանց մասնակցության և առաջնորդության կարևորության վերաբերյալ։ Քննարկումը նաև նպատակ ուներ զինելու մասնակից կանանց որոշակի առաջնորդության հմտություններով։

Աշխատանքային քննարկման ընթացքում ԻԵՄ-ի նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը զեկուցումով հանդես եկավ՝ քարտեզագրելով Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունները քաղաքական կյանքում կանանց մասնակցության մեծացման ոլորտում, ներկայացնելով այն գործոններն ու խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս կանանց ավելի մեծ ներգրավում ունենալ քաղաքական գործընթացներում։ Բանախոսը ներկայացրեց նաև որոշ վերաբերելի վիճակագրություն երկրորդ աստիճանի բարձրագույն կրթության ծրագրերում և քաղաքական ու դատական բարձրագույն պաշտոններում կանանց ներգրավվածության վերաբերյալ։

Զեկուցումով հանդես եկավ նաև ԻԵՄ-ի ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանը։ Իր խոսքում նա ներկայացրեց միջազգային կառույցների հանձնարարականներն ու առաջարկությունները քաղաքական որոշումների կայացման բարձր օղակներում կանանց ներգրավվածությունը մեծացնելու վերաբերյալ։ Նաև ներկայացվեցին ուղիներ այդ առաջարկությունները Հայաստանի պայմաններում ներդնելու ու զարգացնելու ուղղությամբ։ Քննարկման մասնակիցները ևս հանդես եկան առաջարկություններով քաղաքական որոշումների կայացման ոլորտում կանանց դերի բարձրացման ուղղությամբ։

«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի» հետ ձեռք բերվեց նախնական պայմանավորվածություն քաղաքական որոշումների կայացման բարձր օղակներում կանանց ներգրավվածության վերաբերյալ միջոցառումները դարձնել շարունակական։