Ապրիլյան ցույցերն աննախադեպ էին, ու ես չէի կարող անտարբեր մնալ. լրագրող Արման Ղարիբյան

Շուրջ երկու ամիս է ՀՔԾ-ն քար լռություն է դրսևորում «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության համահիմնադիր, լրագրող Արման Ղարիբյանին ապրիլի 17-ի խաղաղ ցույցի ժամանակ ոստիկանի կողմից բռնության ենթարկվելու փաստի առիթով:

Թեև հարուցվել է քրեական գործ, սակայն գործը տեղից չի շարժվում: Հատուկ քննչական ծառայությունն առայսօր չի հայտնաբերել բռնություն իրականացրած ոստիկանին:

Արման Ղարիբյանը մինչև ապրիլի 16-ը ցույցերին մասնակցել է որպես դիտարկող և նրա ոգևորությունը մեծացել է,  երբ իր բնակարանի հարևանությամբ գտնվող  խաչմերուկը փակել են Ֆիզկուլտուրայի ինստիտուտի աղջիկները։ «Սա աննախադեպ էր, ու ես չէի կարող անտարբեր մնալ։ Սա մի բան էր, ինչը Հայաստանում տեղի չէր ունեցել 2008 թվկանից ի վեր, երբ նախագահական հետընտրական բողոքի ցույցերի ժամանակ սպանվեցին տասը քաղաքացի: Այդ պահից ի վեր, ես միացա ցուցարարներին»,- պատմում է Ղարիբյանը:

«Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 17-ին, ժամը 9։30-ի սահմաններում, երբ ընկերներով փակել էինք Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկը՝ նստելով հետիոտնի համար նախատեսված անցումի վրա»,- պատմում է Արման Ղարիբյանն ու հավելում, որ ոստիականները, փոխգնադապետի պաշտոն ունեցող ոմն Հովհաննիսյանի հրահանգով, առանց որևէ նախազգուշացման, հարձակվել են իր վրա, բռնել կոկորդից և թևից, իսկ ոստիկաններից մեկի կողմից Արման Ղարիբյանի նկատմամբ գործադրած բռնության արդյունքում վերջինս ստացել է աջ թևի փափուկ հյուսվածքների սալջարդ:

Արման Ղարիբյանն ասում է, որ այդ պահին ոստիկանության գործողությունները ղեկավարում էր կենտրոնի բաժնի ոստիկանապետ գնդապետ Գ. Հովհաննիսյանը: «Կարծում եմ, որ նա հատուկ է հրահանգել, որպեսզի ոստիկաններն ինձ թիրախավորեն, քանի որ ոստիկանների այդ նույն խումբը դեպքից կես ժամ առաջ, երբ մենք փակել էինք այլ փողոց, դուրս հանեցին մեզ փողոցից և որևէ մեկի նկատմամբ որևէ բռնություն չկիրառեցին: Երկրորդ, այդ գնդապետն ինձ անձամբ ճանաչում էր, քանի որ դեպքից ամիսներ առաջ մի միջադեպ էր տեղի ունեցել»,- պատմում է Արմանն ու հավելում, որ 2018-ի հունվարի 28-ին բանակի տոնի կապակցությամբ, ինքը և իր կինը՝ հասարակական գործիչ Աննա Նիկողոսյանը, քաղաքում գրաֆիտիներ են արել ընդդեմ այդ ժամանակվա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի:  «Գիշերվա երեքն էր, երբ ոստիկանները մեզ տարան ոստիկանանական բաժանմունք: Տվյալ գործով մեր դեմ վարչական վարույթ չհարուցվեց, քանի որ մենք պետական գույք չէինք փչացրել, սակայն մենք երեք ժամ մնացինք բաժնում ու հետո մեր և ոստիկանների իրավունքները իրենց բացատրելուց հետո, մեզ բաց թողեցին:  Հաջորդ օրը գնդապետ Հովհաննիսյանն ինձ հրավիրեց բաժին՝ առանց Աննա Նիկողոսյանի զրուցելու։ Դա ինձ կասկածելի թվաց, և ես ներկայացա մեր կին իրավապաշտպաներից մեկի ուղեկցությամբ»,- ասում է Արմանը: Ըստ նրա՝ իր փաստաբանի ուղեկցությամբ հայտնվելը խառնեց գնդապետի՝ իրենցից գրաֆիտի անող այլ զույգերի մասին ինֆորմացիա ստանալու կամ գուցե իրեն վախեցնելու պլանները, և այդ միջադեպը որոշակի թշնամություն առաջացրեց իրենց միջև: «Ակնհայտ է, որ նա ինձ հիշել էր, քանի որ մենք միջադեպից անմիջապես հետո զրուցեցինք, և ես զգացի, որ նա ինձ հիշել է: Ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ իմ նկատմամբ ուժի կիրառումը հրահանգավորվել է հենց գնդապետ Հովհաննիսյանի կողմից»,- նշում է Արմանը:

Հատկանշական է, որ Արման Ղարիբյանը որևէ կերպ չի պատասխանել ոստիկանների բռնությանը, միայն հարցրել է, թե ինչու են բռնել իր կոկորդից, եթե իրենք արդեն մայթի վրա են, և փողոցի երթևությունը վերականգնված է: Կատարվածի կապակցությամբ Արման Ղարիբյանը դիմել է ՀՔԾ, գնացել դատաբժշկի: Հարուցվել է քրեական գործ, Արմանը ճանաչվել է տուժող:

Արման Ղարիբյանի փաստաբան Դավիթ Գյուրջյանն ասում է, որ ոստիկանության վերոնշյալ գործողությունները, որոնք կատարվել են օրենքի խախտմամբ, լիազորությունների չարաշահմամբ, առաջացրել են Արման Ղարիբյանի՝ հավաքների ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների խախտում, և պարունակում են հանցակազմի ակնհայտ հատկանիշներ:

Արման Ղարիբյանը պատմում է նաև, որ կան տեսանկարահանած կադրեր, ու թեև կադրում չի երևում, թե ով է կոնկրետ իրեն վնասել, սակայն, եթե բոլորը կանչվեն հարցաքննության, ապա մեծ է հավանականությունը, որ կբացահայտվի կատարվածը և իր նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանի ինքնությունը:

Արմանի համար անհասկանալի է, թե ինչու է մինչ այժմ որևէ արդյունք չկա: «Ամենայն հավանականությամբ չեն ուզում նեղացնել ոստիկանության կադրերին»,- ասում է Ղարիբյանը:

Արման Ղարիբյանի ներկայացուցիչները ոստիկանության կողմից իրականացված ոչ իրավաչափ և ոչ համաչափ միջամտության կապակցությամբ  արդեն իսկ հայց են ներկայացրել ՀՀ վարչական դատարան, այնուհետև, կախված գործի ելքից, կդիմեն նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան: