- 07.07.2018
- Posted by: elauser
- Category: Հայտարարություններ
Հուլիսի 7-ին, ժամը 10:00-ից մեկնարկել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հավակնորդների հարցազրույցները: Հուլիսի 29-ի ժամը 18:00-ի դրությամբ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընրությանը մասնակցելու նպատակով դիմում են ներկայացրել հինգ անձ՝ ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանը, նախկինում ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Իշխան Նազարյանը, փաստաբան Բաբկեն Սահրադյան, փաստաբան Վահե Գրիգորյանը: Հինգերորդ դիմողը համաձայնություն չի տվել իր անունը հրապարակելու համար:
«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, որը դիտարդական առաքելություն է իրականացնում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության գործընթացի նկատմամբ, ստեղծված աշխատանքային խմբի կազմի և գործառույթների վերաբերյալ ունի մի շարք վերապահումներ և այս փուլում անհրաժեշտ է համարում անդրադարձ կատարել որոշ մտահոգիչ հանգամանքների:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ մայիսի 17-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նամակով դիմում է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին, որով ԱԺ—ին տեղեկացնում է, որ պատրաստակամ է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման վերաբերյալ լսել իրավաբանական հանրության ներկայացուցիչների կարծիքը և թեկնածուի առաջադրումն իրականացնել հստակ խորհրդակցական մեխանիզմներով ու ընթացակարգերով: Միևնույն ժամանակ պարոն Սարգսյանը հավաստիացնում է, որ կձեռնարկի անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ հիշյալ գործընթացն ու թեկնածուի առաջադրումը՝ ողջամիտ ժամկետում կազմակերպելու համար:
Այնուհետև հունիսի 11-ին հրապարակվում է ՀՀ նախագահի՝ խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի ստեղծման և Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընրությունը կանոնակարգելու վերաբերյալ հրամանագիրը (հետայսու նաև Կանոնակարգ):
Հունիսի 18-ին հրապարակվում է խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի անհատական կազմը, իսկ 21-ին՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների առաջադրման համար սահմանված փաստաթղթերի ցանկը: Հունիսի 29-ի երեկոյան ավարտվում է թեկնածությունների առաջադրման վերջնաժամկետը, իսկ հուլիսի 2-ին հրապարակվում է առաջադրված թեկնածուների ցանկը:
Խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի վերաբերյալ. Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծված խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խումբը ձևավորվել է ստվերային ընթացակարգով: Այն կազմված է տասներկու անդամից. Էմիլ Տարասյան՝ ՀՀ նախագահի աշխատակազմ, Գևորգ Դանիելյան՝ ԲԴԽ, Նինա Փիրումյան՝ ՄԻՊ, Աննա Վարդապետյան՝ արդարադատության նախարարություն, Սամվել Դիլբանդյան՝ ԵՊՀ, Անահիտ Մանասյան՝ Արդարադատության ակադեմիա, Լևոն Գևորգյան՝ Հայաստանի ամերիկայն համալսարան, Կարին Յովսէփյան՝ Հայաստանում ֆրանսիական համալսարան, Արամ Վարդևանյան՝ Հայ—Ռուսական (սլավոնական) համալսարան, Տարոն Սիմոնյան՝ ՀՀ փաստաբանների պալատ, Վահե Ենգիբարյան՝ «Հայաստանի Հանրապետության դատավորների միություն» ՀԿ, Զորայր Հարությունյան՝ փաստաբան, ներկայացնում է ՀՀ նախագահին:
Հանրության համար որևէ կերպ չեն բացահայտվել այն սկզբունքներն ու չափանիշները, որոնցով իրականացվել են խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի անհատական կազմի ընտրությունը:
Անհասկանալի և չպատճառաբանված են աշխատանքային խումբ ներգրավված համալսարանների և այդ համալսարանների ներկայացուցիչների ընտրության սկզբունքները:
Չպատճառաբանված են նաև այն սկզբունքներն ու չափանիշները, որոնց հիման վրա ընտրվել է «Հայաստանի Հանրապետության դատավորների միություն» հասարակական կազմակերպությունը և դրա ներկայացուցիչը:
Նույնքան անհասկանալի և չպատճառաբանված են, թե ինչ սկզբունքների և չափանիշների հիման վրա է ընտրվել ՀՀ փաստաբանների պալատի տվյալ ներկայացուցիչը և որպես Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հանձնաժողովի կազմում ընտրվել և ընգրկվել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբան Զորայր Հարությունյանը:
Որևէ բացատրություն և հիմնավորում տրված չէ, թե ինչ անհրաժեշտությամբ է պայմանավորված խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի անդամներից երկուսին Հանրապետության նախագահի ներկայացուցչի կարգավիճակի շնորհումը, ընդ որում, նրանցից մեկին՝ աշխատանքային խմբի ղեկավարի կարգավիճակ տալը: Բացահայտված չեն ժամանակավոր աշխատանքային խմբում նրանց՝ որպես ՀՀ նախագահի ներկայացուցչի գործառույթները: Անհասկանալի է, թե արդյոք նրանք ևս իրավասու են՝ որպես աշխատանքային խմբի անդամ, հավասարազոր խորհրդատվական կարծիք տալ, թե ոչ:
Հատկանշական է այն, որ խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի անդամ Սամվել Դիլբանդյանը հանդիսանում է հավակնորդներից մեկի գործընկերը: Խմբի անդամներից երկուսը՝ Լևոն Գևորգյանը և Զորայր Հարությունյանը երաշխավորել են հավակնորդներից մեկին: Խմբի անդամներից վեցը քրեական իրավունքի/դատավարության մասնագետ են, երկուսը՝ ՀՀԿ անդամներ: Խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի յոթ անդամի տարիքը չի հասնում քառասուն տարեկանի և ըստ էության նրանք չեն համապատասխանում Սահմանադրական դատարանի դատավորին առաջադրվող չափանիշներին:
Հավակնորդների հարցազրույցների և թեկնածուի ընտրության ընթացակարգի վերաբերյալ.
Չեն սահմանվել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընրության նպատակով իրականացվող հարցազրույցները կանոնակարգող ընթացակարգեր, ինչպես նաև թեկնածուի ընտրության համար կիրառվող չափանիշներ: Չի սահմանվել հավակնորդների հարցազրույցների հերթականությունն ու առավելագույն տևաղությունը:
Կանոնակարգով հստակեցված չեն, թե արդյոք աշխատանքային խմբի անդամների կողմից տրվող խորհրդատվական կարծիքները վերաբերելու են հավակնորդների մասնագիտական որակներին և/կամ անձնական հատկանիշներին, թե այլ այսպեկտների:
Ուսումնասիրելով հունիսի 11-ի հրապարակված Կանոնակարգը, ակնհայտ է դառնում, որ ստեղծված խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խումբը չի իրականացնելու քննարկումներ և հարցազրույցների արդյունքում չի տրամադրելու միասնական կարծիք, փոխարենը, ըստ Կանոնակարգի, աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամ յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ տրամադրելու է անանուն խորհրդատվական կարծիք:
Ըստ Կանոնակարգի՝ հարցազրույցների արդյունքում տրամադրվելու են խմբի անդամների առանձին անանուն կարծիքներ յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ: Այս պարագայում կանոնակարգված և բացահայտված չեն սկզբունքներն ու չափանիշները, որոնց հիման վրա, ստանալով աշխատանքային խմբի կարծիքները, ՀՀ նախագահը ընտրելու է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուին:
Դիմորդների կողմից ներկայացված փաստաթղթերը դիտորդական կազմակերպությանը մինչ օրս չեն տրամադրվել:
Վերը ներկայացված հանգամանքների հաշվառմամբ մտահոգություն է առաջացնում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության նպատակով ձևավորված աշխատանքային խմբի հեղինակությունը, անկախության աստիճանը և աշխատանքային խմբի առանձին անդամների անաչառությունն առանձին հավակնորդների նկատմամբ: Մտահոգիչ է նաև աշխատանքային խմբի անդամների ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության նպատակով բազմակողմանի և խորքային խորհրդատվություն տրամադրելու կարողությունը:
Հիշյալ ընթացակարգը, մեր գնահատմամբ, չի բխում խորհրդակցական խմբի ազատ քննարկումների և կարծիքների փոխանակման և համեմատական վերլուծության վրա հիմնված միասնական, համակողմանի, մասնագիտական կարծիքի ձևավորման և տրամադրման սկզբունքից: Ուստի, կազմակերպությունն անհրաժեշտ է համարում ամրագրել, որ նախատեսված Կանոնակարգով աշխատանքային խմբի անդամների առանձին և անանուն կարծիքների տրամադրման ընթացակարգը, առանց այդ կարծիքների համար սահմանված սկզբունքների և չափանիշների, չի կարող համարվել որոշակի և բավարար ստանդարտ՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու ընտրելու համար:
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ