ԻԵՄ-ի դիմումը՝ ՍԴ դատավորի թեկնածու Արման Դիլանյանին

Հայաստանի Հանրապետության
վարչական դատարանի դատավոր
Պարոն Արման Դիլանյանին

«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան
հասարակական կազմակերպության նախագահ
Լուսինե Հակոբյանից

Հարգելի պարոն Դիլանյան,

«Իրավունքի Եվրոպա միավորում» (ԻԵՄ) իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դիտորդական առաքելություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության գործընթացում:

22.05.2018թ. մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ 18.05.2018թ. Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը ՀՀ դատական օրենսգրքով սահմանված կարգով իրականացրել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրություն, որին առաջադրվել է երկու թեկնածու՝ Վարչական դատարանի դատավոր Արման Դիլանյանը և Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը: Քվեարկության արդյունքում ընտրվել է Ելիզավետա Դանիելյանը:

Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Ազգային ժողովին՝ որպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, առաջադրվել է Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը:
Հիշյալ գործընթացը տեղի է ունեցել հանրության համար բացարձակ գաղտնիության և զրոյական թափանցիկության պայմաններում: Դատական իշխանության պաշտոնական կայքում ընտրության և քվեարկության մասին որևէ տեղեկատվություն չկա, իսկ այդ գործաընթացի մասին տեղեկատվություն լրատվամիջոցներով տարածվել է միայն 22.05.2018թ.:

Որևէ եղանակով չեն հրապարակվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների վերաբերյալ առաջարկությունների և թեկնածուների փաստաթղթերի ներկայացման կարգը և ժամկետները: Առաջադրման համար ընտրություն իրականացնելու նպատակով հրավիրվող ընդհանուր ժողովի հրավիրման մասին ևս որևէ տեղեկատվություն չի հրապարակվել, ինչը մտահոգիչ է։
Խնդրում ենք Ձեզ՝ որպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հավակնորդի, որպես՝ հավասարության, արդարության, թափանցիկության և հրապարակայնության սկզբունքների էության և բովանդակության խորը ընկալում ունեցող և դատավորի բարձր չափանիշներին համապատասխանող թեկնածուի հավակնորդի` ամենասեղմ ժամկետներում տեղեկություններ տրամադրել առ այն, թե՝

1. արդյոք Ձեզ տրամադրվել է ՀՀ դատական օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգը, որն ընդունվել է նույն նիստի օրակարգային առաջին հարցի շրջանակներում: Եթե այո, ապա խնդրում ենք դրա պատճենը տրամադրել նաև մեզ: Խնդրում ենք մեզ տրամադրել նաև այն կարգը, որով իրականացվել է թեկնածությունների առաջադրումն ու ընտրությունը:
2. Ի՞նչ չափանիշներով և սկզբունքներով է իրականացվել թեկնածուների ընտրությունը:
3. Ովքե՞ր են առաջադրել թեկնածությունները:
4. Ի՞նչ փաստաթղթեր եք ներկայացրել դատավորների ընդհանուր ժողովին:
5. Ի՞նչ եղանակով է հրավիրվել դատավորների ընդհանուր ժողովը և արդյոք այն եղել է արտահերթ:
6. Ի՞նչ եղանակով և ե՞րբ եք Դուք ծանուցվել նախատեսվող ընդհանուր ժողովի հրավիրման, անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման և ներկայացված փաստաթղթերի մասին:
7. Քանի՞ դատավոր է մասնակցել ընդհանուր ժողովի: Խնդրում ենք ներկայացնել նրանց անունները:
8. Ինչպիսի՞ն են եղել քվեարկության արդյունքները:
9. Արդյոք Ձեզից՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի, պահանջել են փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են ընտրության գործընթացի համար: Եթե այո, ապա ի՞նչ փաստաթղթեր:
10. Խնդրում ենք նաև տրամադրել դատավորների ընդհանուր ժողովին ներկայացված փաստաթղթերի պատճենները:

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների ընտրության գործընթացում դիտորդական առաքելություն իրականացնող «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը հիշյալ տեղեկություներն անհրաժեշտ են նման բարձր կարևորության գորընթացում հանրային հսկիչի իր գործառույթները լիարժեք իրականացնելու և հանրությանը իրազեկելու համար:
Մեր կազմակերպության հետ կապ հաստատելու համար տրամադրում ենք մեր հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեն։

Հեռ՝ 010 500665; 099 588576
Էլ․փոստ․ [email protected]

Կանխավ շնորհակալ եմ

Լուսինե Հակոբյան
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ