Վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող հիմնարար իրավունքների խախտումների մասին

2018 թվականի ապրիլի 13-ից մեկնարկել են լայնածավալ հավաքներ ընդդեմ Սերժ Սարգսյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակման, այնուհետև՝ նրա հրաժարականի պահանջով:
Հավաքները կրել են և շարունակում են կրել խաղաղ բնույթ և դրանց խաղաղ, առանց որևէ բռնության անցկացման անհրաժեշտության մասին պարբերաբար հայտարարել և կոչերով են հանդես եկել հավաքների կազմակերպիչները՝ նույնիսկ հավաքի մասնակիցների նկատմամբ բռնությունների կիրառման դեպքում (թե ոստիկանության, թե այլ տարրերի կողմից):

16.04.2018թ. ոստիկանության կողմից ոչ իրավաչափորեն հատուկ միջոցների կիրառման արդյունքում 46 խաղաղ ցուցարար տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, սակայն հավաքները շարունակել են կրել խաղաղ բնույթ:
16.04.2018թ. մինչ 21.042018թ. տարբեր օրերի ընթացքում ոստիկանության կողմից բերման է ենթարկվել ավելի քան 500 ցուցարար: Հանրապետության տարբեր հատվածներից ապրիլի 22-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ ոստիկանության բաժանմունքներ բերման է ենթարկվել 232 քաղաքացի: Նշված ժամանակահատվածում հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում՝ լրագրողներ ենթարկվել են բռնությունների, ոչնչացվել է հավաքի բազմաթիվ մասնակիցների գույքը՝ այդ թվում ոստիկանության ծառայողների կողմից։ Ոստիկանության ծառայողների ներկայությամբ և անգործության պայմաններում քաղաքացիական հագուստով անձանց և որոշ հայտնի իշխանական օլիգարխների կողմից տեղի են ունեցել մի շարք բռնարարքներ։

22.04.2018թ. տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որի ընթացքում Սերժ Սարգսյանն ըստ էության սպառնալիք պարունակող նախազգուշացում է ներկայացրել՝ ասելով. «Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը։ Դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից և եթե այդ տոնով պետք է խոսել, ապա ինձ մնում է Ձեզ մեկ անգամ ևս խորհուրդ տալ, որպեսզի գաք օրինական դաշտ և ընդհանրապես տրամաբանական գործողությունների սահման: Հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունը Ձեր վրա է: Ընտրեք»: Վերոնշյալ սպառնալիքից հետո ձերբակալվել են Ազգային Ժողովի պատգաավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրությունները՝ ակնհայտ է, որ հիշյալ իրադարձություններն անմիջականորեն փոխկապակցված են Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման հետ և դրանց պատվիրատուն Սերժ Սարգսյանն է:

ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության ուսումնասիրությունը ուղղակիորեն բացահայտում է ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի ուղիղ խախտումը, ինչը դուրս է դնում դատախազության գործողությունները սահմանադրական դաշտից, քանի որ հաղորդագրությամբ նշված ձերբակալված պատգամավորների գործողությունները կատարվել են սկսած ապրիլի 13-ից և նրանց ձերբակալումն անմիջականորեն առաջացած կասկածանքով ուղղակի սուտ է և իրական նպատակների քողարկում:

Իրավապաշտպան և միջազգային կազմակերպություններին կոչ ենք անում գնահատական տալ հիշյալ ձերբակալություններին և հետապնդումներին՝ կանխելով դրանց զարգացումը, քանի որ դրանք ունեն ակնհայտ քաղաքական ենթատեքստ:

Փաստացի ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանին կոչ ենք անում վճռականություն դրսևորել և արձագանքել ՀՀ Սահմանադրության խախտման փաստի կապակցությամբ, որի պաշտպանն է հանդիսանում ինքը:
ՀՀ ոստիկանությանը, քննչական մարմիններին և դատախազությանը կոչ ենք անում գործել օրինականության շրջանակներում, ՀՀ Սահմանադրության ոգուն և տառին համապատասխան և չդառնալ ապօրինի հրամանների սպասարկու՝ այդպիսով քաղաքական իշխանության հետ մեկտեղ կիսելով պատասխանատվությունը։

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ

 

Փաստաբաններ Սյուզաննա Մովսեսյան Հասմիկ Պետրոսյան Մարիամ Մկրտչյան Դավիթ Գյուրջյան Լուսինե Մարտիրոսյան Մարգարիտա Գյուլումյան Հովհաննես Չամսարյան Անի Գինոսյան Շուշանիկ Թադևոսյան Մարատ Կոստանյան Սերգեյ Գրիգորյան Նվարդ Այվազյան Քրիստինա Գևորկյան Մարգարիտա Պողոսյան Մարո Խաչատուրյան Սոնա Հարությունյան Սուրեն Մնացականյան Զորայր Հարությունյան Գուրգեն Հարությունյան Լուսինե Սահակյան Արմինե Ղասաբողլյան Տաթևիկ Ասատրյան Նարինե Ռշտունի Կարմեն Պողոսյան Օլգա Սաֆարյան Հակոբ Սաֆարյան Ամրամ Մակինյան Սիրուշ Աղվանյան Դավիթ Հայրապետյան Խաչատուր Խաչատրյան Գեորգի Մելիքյան Վահագն Մարտիրոսյան Էդգար Հակոբյան Ալինա Ղազարյան Նաիրա Սահակյան Գրիշա Բալասանյան Անետա Սարգսյան Վանուհի Պողոսյան Անահիտ Սաղաթելյան Հայարփի Սարգսյան Միհրան Պողոսյան Օֆելյա Ներսիսյան Հայկ Սողոմոնյան Գոհար Պետրոսյան Տանյա Հակոբյան Հենրիկ Մարտիրոսյան Հովհաննես Վարդանյան Մարիամ Ղուշչյան Վահե Հովսեփյան Արայիկ Պապիկյան Վարդան Առաքելյան Մոնիկա Մարգարյան Գարիկ Մալխասյան Նինա Կարապետյանց Շուշանիկ Ադամյան Հայկ Շահումյան Դիանա Գրիգորյան Լուսինե Աբաջյան Վահագն Դավթյան Արմինե Մկրտչյան Էդգար Հովսհաննիսյան Կիմա Սարյան Հերմինե Միքայելյան Սարգիս Խաչատրյան Արմեն Հայրապետյան Վահե Գրիգորյան Արամազդ Կիվիրյան Տիգրան Եգորյան Լուսինե Հակոբյան