Դիտարկվել է դատավորների թեկնածուների համալրման քննությունը

Երեկ՝ նոյեմբերի 1-ին, դատավորների թեկնածուների համալրման նպատակով անցկացվող մրցույթը դիտարկել են նաև փաստաբանների պալատի դիտորդներ Լուսինե Մկրտչյանը, Ռոման Ահարոնյանը և Լևոն Օհանյանը։ Երբ #ԻԵՄ դիտորդներ Տիգրան Եգորյանն ու Արամազդ Կիվիրյանը դիտարկել են տարբերակների խնդիրների կրկնվելու հանգամանքը, ներկա էր նաև ՓՊ դիտորդ Լուսինե Մկրտչյանը, որը, սակայն, հայտնել է, որ անձամբ չի դիտարկել տարբերակները, սակայն դիտարկել է, որ վիճակահանությունից հետո Եգորյանն ու Կիվիրյանը ինչ-որ դիտարկում էին իրականացնում տարբերակների հետ կապված, ապա բանավեճ է եղել պահանջվող փաստաթղթերի չտրամադրման հետ կապված, և արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը տոպրակով հեռացել է։

ԻԵՄ դիտորդների հարցին, թե ինչպես է Մկրտչյանն ընտրվել որպես պալատի կողմից դիտորդություն իրականացնող փաստաբան, վերջինս ասել է, որ ինքն էլեկտրոնային նամակ է ստացել, այլ հարցերի չի պատասխանել՝ հորդորելով դիմել պալատին։ Մյուս դիտորդը՝ Լ․ Օհանյանը, թեև դժկամորեն, բայց հայտնել է, որ դիտարկել է տարբերակների համադրության գործընթացը, սակայն դրանից քիչ անց՝ գրավոր արձանագրությունը կազմելու ընթացքում, երբ Տիգրան Եգորյանը ցանկացել է որոշ փաստեր և մանրամասներ ճշտել, վերջինս, չցանկանալով պատասխանել և հավաբանար ուզելով ուղղակի անշառ դիտորդություն անել, ասել է՝ «թարգի էլի»։ Ի պատասխան՝ Եգորյանը կոռեկտության կոչ է արել, և Լ.Օհանյանն, ըստ երևույթին նեղանալով, այլևս որևէ հարցի չի պատասխանել։ ՓՊ երրորդ դիտորդը՝ Ռ․Ահարոնյանը, ժամը 12-ին հեռացել է՝ որևէ հետաքրքրություն չդրսևորելով քննական տարբերակների դիտարկման և դրա շուրջ դիտորդների ու պաշտոնատար անձանց միջև ծագած բանավեճի կապակցությամբ։

Ստորև ներկայացված է արձանագրությունը, որը ծանոթացման և ստորագրման համար տրամադրվել է Լուսինե Մկրտչյանին և Լևոն Օհանյանին։ Վերջիններս, սակայն, ծանոթացել են, հայտնել, որ նկատառումներ ունեն, սակայն հրաժարվել են դրանք ներառել արձանագրության մեջ և ստորագրել այն, հայտնելով, որ առանձին կնշեն իրենց դիտարկումները։ Քննական գործընթացի ավարտին սակայն այդպես էլ որևէ նկատառում ՓՊ դիտորդների կողմից չարձանագրվեց: