«Քաղաքացի դիտորդն» աննախադեպ ծրագիր կիրականացի

2017 թ․ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացի դիտորդ»-ն աննախադեպ դիտորդական նախաձեռնությամբ հանդես կգա։ Այս մասին փետրվարի 24-ին «Հոդված 3» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարեց նախաձեռնության ներկայացուցիչ, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը. «Աննախադեպ դիտորդական ծրագիր ենք իրականացնելու՝ ծածկելով Հայաստանի տեղամասերի մոտ 75 տոկոսը։ Ծրագրով նախատեսված է  3000 դիտորդի մասնակցություն, բայց կարծում եմ, որ բավական իրատեսական է ունենալ 4000-ից ավելի դիտորդ և ծածկել  Հանրապետութան բոլոր տեղամասերը, համենայն դեպս, համապատասխան ռեսուրսների և դիտորդների համապատասխան թվի դեպքում մենք դա կկարողանանք անել, հետևաբար կոչ եմ անում ակտիվ քաղաքացիներին գրանցվել»։

Ըստ Հակոբյանի՝ իրենք դիտորդությունը հասցրել են լրիվ նոր որակի և մակարդակի․ անգամ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-նիրենց զեկույցներում հղում են անում «Քաղաքացի դիտորդ»-ի փաստարկներին և դիտարկումներին․ «Մենք փորձում ենք ավելի ու ավելի բարելավել մեր դիտորդների պատրաստվածությունը և ընդհանրապես դիտորդական առաքելության որակը»։

Նախաձեռնությունն արդեն սկսել է դիտորդների վերապատրաստման գործընթացը՝ նախատեսելով դասընթացների  2 փուլ՝ տեսական և գործնական։ «Արդեն գրանցվել է 3000 դիտորդ, որոնցից 2000-ն արդեն վերապատրաստվել է»,- հայտարարեց նախաձեռնության ներկայացուցիչ, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը։ Անդրադառնալով սփյուռքահայ դիտորդներին՝ Գրիգորյանն ասաց․ «Ունենք մոտ 250 գրանցվածներ Սփյուռքից։ Նրանց մեծ մասը Վրաստանից է»։

«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ»-ի խորհրդինախագահ և «Քաղաքացի դիտորդ»-ի ներկայացուցիչ Լևոն Բարսեղյանն ուշադրություն հրավիրեց դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքների սահմանափակումների վրա՝ նշելով, որ ընտրական նոր օրենսգրքով խտրական մոտեցում սահմանվեց, քանի  որ այս սահմանափակումները նախատեսված չեն վերգետնյա հեռարձակում իրականացնող լրատվամիջոցների համար․ «Կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ գուցե մեր դիտորդը տեղամասում պարզի, որ 16-րդ դիտորդն է, և հանձնաժողովը կարող է որոշել  և արգելել 16-րդ դիտորդի կամ ԶԼՄ ներկայացուցչի ներկայությունը տեղամասում։ Նման ռիսկերի պայմաններում ենք պարտավորված իրականացնել այս առաքելությունը»։

Բացի դիտորդներին վերապատրաստելուց՝ «Քաղաքացի դիտորդ»-ը ստեղծել է «Վերահսկիր ընտրություն» գործիքը, որն առաջին անգամ փորձարկվել է հանրաքվեի ընթացքում։ Այն հնարավորություն է տալու բացահայտել ուրիշի փոխարեն քվեարկության դեպքերը․«Քանի որ այս անգամ վերջապես հրապարակվելու են ընտրողների ստորագրած ցուցակները, եթե մեծ թվով քաղաքացիներ, ովքեր չեն պատրաստվում մասնակցել ընտրություններին, նախագրանցվեն, այս գործիքի միջոցով մենք կկարողանանք բացահայտել ուրիշի փոխարեն քվեարկության դեպքերը և համապատասխան հաղորդումներ ներկայացնել իրավապահ մարմիններին»,-ասաց ԼուսինեՀակոբյանը՝հիշեցնելով, որ հանրաքվեից հետո առաջին անգամ մեծ թվով քրեական գործեր հարուցվեցին, և 56 անձ դատապարտվեց ընտրակեղծարարության հետ կապված հանցագործությունների համար․«Ճիշտ է՝ նրանք դատապարտվեցին տուգանքի,բայց մենք կարծում ենք, որ նաև մեր լավ աշխատանքի արդյունքում ոչ միայն պատասխանատվության ենթարկվող ընտրակեղծարարների թիվը կավելանա, այլև տույժը կփոխարինվի ազատազրկմամբ»։

Ասուլիսին ներկա էր նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, որը հայտարարեց, որ իրենք շատ կարևոր են համարումքաղաքացիական հասարակության ներգրավումը տարբեր ֆորումներում և հատկապես դիտորդական առաքելություններում․«Մենք օգնում ենք ընտրական գործընթացների չափորոշիչների կատարելագործման երկարաժամկետ նպատակներ հետապնդողտարբեր նախաձեռնությունների։ 370 հազար եվրո ենք տրամադրել քաղաքացիական հասարակությանը, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությանը՝ մեծ թվով դիտորդների վերապատրաստման համար։ Բայց սա մեր կողմից կատարված գործողությունների միայն մի մասն է․ շատ բաներ, որ մենք արել ենք վերջին 12 ամիսների ընթացքում, չեն կարող արտահայտվել թվերով»։

Հիշեցնենք, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության «2017 թ․ խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի համաֆինանսավորմամբ։