Խոչընդոտվել է լրագրողների մասնագիտական գործունեությունը

Այսօր՝ ժամը 14:00-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է դատական նիստ` 2015 թ. հունիսի 23-ին «Ուտոպիանա» մշակութային հկ-ի օպերատոր Աշոտ Բոյաջյանի, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արթուր Պապյանի, «Ֆոտոլուր» լրատվական գործակալության ֆոտոլրագրող Հայկ Բադալյանի և «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Խաչատուր Եսայանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն առնչվող գործով:

Հիշեցնենք, որ դեպքից միայն մեկ տարի անց մեղադրանք առաջադրվեց ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ, փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանին, Տաճատ Նորատուկյանին և Արթուր Այվազյանին, ինչպես նաև Կոնստան Բուդաղյանին: Նախորդ դատական նիստին հարցաքննվել են ոստիկանները Վահագն Գևորգյանը և Վահագն Աղաջանյանը, լրագրողներ Հովհաննես Շողիկյանը և Սիսակ Գաբրիելյանը: Շողիկյանն ասել է, որ Ազատության հրապարակում տեսել է ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանին, իսկ Գաբրիելյանը հայտնել է, որ իր հիշելով՝ իր գործընկեր Հովհաննես Մովսիսյանից կամ հետագայում ուսումնասիրված տեսանյութից տեղեկացել էր, որ Երանոսյանը հրաման է հնչեցրել ոստիկաններին խլել լրագրողների տեսանկարահանող սարքերը։Լրագրողների տեսանկարահանող սարքերը խլելու մասին Լևոն Երանոսյանի հրաման տալու մասին իր ցուցմունքում նշել էր նաև տուժող Աշոտ Բոյաջյանը։

Ելնելով վերոգրյալից՝ Բոյաջյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանն այսօր պատրաստվում է միջնորդություն ներկայացնել Լևոն Երանոսյանին հարցաքննության հրավիրելու մասին: