Ելենա Օվսյաննիկովան ընդդեմ ՀՀ ոստիկանության և այլոց

Մարտի 29-ին՝ ժամը 11-ին, Արաբկի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (հասցեն՝ քաղաք Երևան, Թբիլիսյան խճ. 3/9) նշանակված է դատական նիստ՝ Ելենա Օվսյաննիկովայի քաղաքացիական գործով: Գործը գտնվում է դատաքննության փուլում: Նախորդ դատական նիստի ընթացքում Օվսյաննիկովայի փաստաբան Լուսինե Հակոբյանը ներկայացրեց իրենց ձեռքի տակ առկա ապացույցները, որոնք ուսումնասիրելու համար պատասխանողները խնդրեցին նիստը հետաձգել: Դատարանը բավարարեց Լուսինե Հակոբյանի միջնորդությունը՝ լրագրող Հակոբ Կարապետյանին որպես վկա դատարան կանչելու մասին:
Հիշեցնենք, որ Ելենա Օվսյաննիկովան հայց է ներկայացրել ՀՀ ոստիկանության, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանի, ոստիկանության պետի խորհրդական Նարեկ Մալյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի դեմ` պահանջելով դատարանին պարտավորեցնել պատասխանողներին հրապարակավ ներողություն խնդրել, հերքել իրենց (ոստիկանության դեպքում՝ իր պաշտոնատար անձանց) տարածած՝ իրականությանը չհամապատասխանող և Օվսյաննիկովայի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող տեղեկությունները, ինչպես նաև պարտավորեցնել Հունան Պողոսյանին, Նարեկ Մալյանին և Էդմոն Մարուքյանին իրենց արտահայտություններով պատճառած բարոյական վնասի համար վճարել փոխհատուցում: