- 11.11.2015
- Posted by: elauser
- Category: Հայտարարություններ
ԻԵՄ-ն ընդդեմ ՀՔԾ-ի գործով դատական նիստը նոյեմբերի 11-ին
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ վարչական դատարանում տեղի կունենա «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան ՀԿ-ն ընդդեմ ՀՀ հատուկ քննչական ծառայության գործով դատական նիստը:
19.11.2014թ. ԻԵՄ-ը դիմում էր ներկայացրել հատուկ քննչական ծառայությանը 2014թ. նոյեմբերի 25-ին անցկացվելիք բաց մրցույթի նկատմամբ դիտորդական առաքելություն իրականացնելու վերաբերյալ: ՀՔԾ-ն մերժել է ԻԵՄ-ի դիմումը, որը ԻՀԿ-ն փոստային առաքմամբ ստացել է 26.11.2014թ.: Նախքան մրցույթը չստանալով որևէ պատասխան՝ 25.11.2014թ. ԻԵՄ-ի անդամ Տ. Եգորյանը ներկայացել է ՀՔԾ, որտեղ նրան առձեռն հանձնվել է չստորագրված փաստաթուղթ, որը ըստ ՀՔԾ-ի ներկայացուցչի՝ ԻԵՄ-ի 19.11.2014թ. դիմումի պատասխանն էր: Տ. Եգորյանն անմիջապես դիմում է գրել և հանձնել ՀՔԾ-ի ներկայացուցչին, որով վերջինս պահանջել է տրամադրել մրցութային փաստաթղթերը, մասնակիցների անձնական թերթիկները, հանձնաժողովի արձանագրությունները, հանձնաժողովի գնահատման թերթիկները: Այս դիմումին պատասխանը ստացվել է 28.11.2014թ.-ին՝ վարչական ակտով, որով մերժել է տրամադրել հայցվող տեղեկատվությունը: Այնուհետև, ԻԵՄ-ի տեղեկատվության տրամադրման պահանջով 27.01.2015թ. ուղարկված դիմումը ՀՔԾ-ն մերժել է 03.02.2015թ. վարչական ակտով:
ԻԵՄ-ը ՀՀ վարչական դատարան հայցադիմում է ներկայացրելէ պահանջելով ամբողջությամբ վերացնել ՀՔԾ 24.11.2014 վարչական ակտը, պարտավորեցնել ՀՔԾ-ը ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է և տրամադրել հարցումով փնտրվող տեղեկատվությունը:
2014թ. աշնանից «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը վարչական տարբեր մարմինների դեմ ներկայացրել է թվով 13 վարչական հայց, այդ թվում՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ արդարադատության խորհրդի, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ քաղաքացիական ծառայության ու ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ԱԺ-ի և ՀՀ քննչական կոմիտեի: Նպատակը մեկն է. վարչական մարմիններին հետևողականորեն պարտադրել գործելու արդյունավետ և թափանցիկ՝ բացառապես ի շահ ՀՀ քաղաքացու:
Այս նախաձեռնության առաջին արդյունքն է 2015թ. հուլիսի 20-ին ՀՀ վարչական դատարանի վճիռը, որով մասնակի բավարարվել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից անցած տարվա վերջին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի դեմ ներկայացրած հայցը՝վերահաստատելով ՀՀ քաղաքացու՝ հանրային մարմնի նկատմամբ սահմանադրությամբ ամրագրված հասարակական վերահսկողություն իրականացնելու իրավունքը:
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել մեզ՝ 374 99 588 576 կամ 374 10 500665 հեռախոսահամարներով: