«Հրապարակի» և լրագրող Սյուզան Սիմոնյանի գործով դատաքննությունը մեկնարկում է հոկտեմբերի 29-ին

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ժամը՝ 15:30-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տիկին Ռուզաննա Խաչատրյանի կողմից «Հրապարակ» օրաթերթ ՍՊԸ-ի և լրագրող Սյուզան Սիմոնյանի դեմ հարուցված քաղաքացիական հայցով դատաքննության առաջին նիստը:
Հիշեցնենք, որ 2015թ. մայիսի 21-ին «Հրապարակը» լրագրող Սյուզան Սիմոնյանի հեղինակությամբ «Հանրությունն ուզում է իմանալ» հոդված էր հրապարակել ՀՀ պաշտպանության նախարարի տիկնոջ՝ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանի անձի շուրջ մամուլում և սոցիալական ցանցերում ծավալված ընդարձակ քննարկումների վերաբերյալ՝ հղում կատարելով նաև Ռուզաննա Խաչատրյանի կողմից այդ կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում արված գրառումներին: «Հանրությունն ուզում է իմանալ-2» վերտառությամբ իր հաջորդ հրապարակման մեջ թերթը ներկայացրել է, թե որ աղբյուրից է օգտվել, սակայն հայցվորի ներկայացուցիչը սա բավարար չի համարում:
«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան ՀԿ-ի անդամներ, փաստաբաններ Լուսինե Հակոբյանը և Տիգրան Եգորյանը այս գործով պատասխանող «Հրապարակի» լրագրող Սյուզան Սիմոնյանի ներկայացուցիչներն են: