Պաշտպանության նախարարի կնոջ գործով ապացուցման ենթակա փաստերի շրջանակն ընդլայնվեց` պատասխանող լրագրողի պահանջով

Սեպտեմբերի 29-ին, ժամը՝ 15:30-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տիկին Ռուզաննա Խաչատրյանի կողմից «Հրապարակ» օրաթերթի և լրագրող Սյուզան Սիմոնյանի դեմ բերված քաղաքացիական հայցով նախնական դատական նիստի ժամանակ  ապացուցման ենթակա փաստերի շրջանակն ընդլայնվեց պատասխանող Սյուզան Սիմոնյանի ներկայացուցիչների պահանջով, իսկ դրանց ապացուցման բեռը դրվեց հենց պատասխանողի վրա:
Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ որոշումը դատարանը կողմերին էր ուղարկել ավելի վաղ: Նիստի ժամանակ Սյուզան Սիմոնյանի ներկայացուցիչները դրանց շրջանակի կապակցությամբ ներկայացրեցին առարկություններ: Սակայն դատարանը մերժեց ներկայացված նկատառումներն ընդունել որպես առարկություն՝ պատճառաբանելով, որ դատարանի կայացրած որոշումը վերջնական է, և  կողմը կարող է դրանք հրապարակել որպես հայտարարություն:
Հայտարարության մեջ, մասնավորապես, Սյուզան Սիմոնյանի փաստաբանները նշեցին, որ դատարանը չի կարող ընդլայնել հայցվորի կողմից որպես իր իրավունքի խախտում դիտարկված փաստերի շրջանակը՝ խնդրահարույց հոդվածում տեղ գտած առանձին հատվածների փոխարեն, ինչպես որ պահանջել է հայցվորը, դատաքննության ընթացքում քննարկման առարկա դարձնելով հոդվածն ամբողջությամբ՝ այդպիսով ավելացնելով ապացուցման բեռը կողմի համար:
Այդուհանդերձ, Սյուզան Սիմոնյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը դատարանից պահանջեց որպես ապացուցման համար էական նշանակություն ունեցող փաստ ճանաչել ևս երկուսը՝ այն, որ Ռուզաննա Խաչատրյանն իր գործունեությամբ   խթանել է հանրային քննարկում, և որ խնդրահարույց հոդվածը ներառել է հավասարակշռված լուսաբանում:
Փաստաբան Լուսինե Հակոբյանը ներկայացրեց նաև նկատառում առ այն, որ դատարանի կողմից կայացված որոշման մեջ նշված «լրագրողական գործունեություն իրականացնող ընկերություն»   եզրն անհրաժեշտ է փոխարինել «լրատվության միջոց» եզրով` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի  1087.1-րդ հոդվածի սահմանման:
Դատարանն անհրաժեշտ համարեց  ապացուցման համար էական նշանակություն ունեցող փաստեր ճանաչել պատասխանողի կողմից նշված վերոհիշյալ երկուսը՝ դրանց ապացուցման բեռը դնելով հենց վերջինիս վրա:
Նիստի ընթացքում կողմերը պատրաստակամություն հայտնեցին ներկայացնել ապացույցներ:
Հայցվորի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը դատարանին ներկայացրեց դատավճիռը, որով իր պնդմամբ փաստվում էր, որ վթարի գործով մեղավորը Ռուզաննա Խաչատրյանը չի եղել:

Իսկ պատասխանող Սյուզան Սիմոնյանի ներկայացուցիչները ներկայացրեցին հետևյալ փաստերը հաստատող ապացույցները.  ապացույցներ առ այն, որ Ռուզաննա Խաչատրյանը հանդիսանում է հանրային անձ (քաղվածքներ Առողջապահության նախարարության կայքից, որոնք ցույց են տալիս, որ վերջինս հանդիսանում է նախարարի խորհրդական),  ապացույց այն մասին, որ նա «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահն է, «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածի քաղվածքը «Հրապարակ» օրաթերթի կայքէջից, որից երևում է հոդվածի տակ առկա է հղում «Հանրությունն ուզում է իմանալ — 2» հոդվածին, իսկ վերջինս պարունակում է հղում hzam.am կայքին, որն էլ հոդվածի` հայցվորի կողմից վիճարկվող հատվածի ներառված արտահայտությունների աղբյուրն է եղել, Ռուզաննա Խաչատրյանի կողմից վիճարկվող հոդվածի հրապարակմանը նախորդող ժամանակահատվածում տրված երկու հարցազրույցներ իր անձնական և ընտանեկան կյանքի վերաբերյալ, ինչից պարզ է դառնում, որ ինքն է իր հրապարակային ելույթներով խթանել հանրային քննարկում իր անձի շուրջ:  Բացի դրանից, պատասխանող կողմը անհրաժեշտ համարեց դատարանին ի ցույց դնել տիկին Խաչատրյանի անձի նկատմամբ պահպանվող հանրային հետաքրքրությունը՝ ներկայացնելով վերջերս hayeli.am կայքում հրապարակված «Տիկինն անուղղելի է և անդրդվելի» վերտառությամբ հոդվածը` հրապարակված սեպտեմբերի 15-ին:
Նիստի ավարտին դատարանը որոշեց կայացնել ևս մեկ նախնական դատական նիստ՝ կողմերին հնարավորություն ընձեռելով անհրաժեշտության դեպքում ներկայացնել լրացուցիչ ապացույցներ:
Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 14-ին, ժամը՝ 16:30-ին: