Դիտորդների և լրատվամիջոցների 2015թ. փետրվարի 25-ի հայտարարությունը ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի փաստաթղթերը դիտարկելու արգելքի վերաբերյալ

Ս.թ. փետրվարի 17-ին ավարտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետը:
2015թ. փետրվարի 16-ին «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն (այսուհետ` ԻԵՄ) գրավոր դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն (այսուհետ` նախարարություն), որը պատասխանատու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցույթային հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) գործունեության կազմակերպման համար՝ խնդրելով հնարավորություն ընձեռել ՄԻԵԴ-ի դատավորի թեկնածուների մրցույթին ներկայացրած հայտերին և հավակնորդների փաստաթղթերին ծանոթանալու համար:
2015թ. փետրվարի 18-ին, ժամը 9:45-ին, ԻԵՄ-ի դիտորդները ներկայացել են նախարարություն` ՄԻԵԴ-ի դատավորի թեկնածուների մրցույթին ներկայացրած հայտերին և հավակնորդների փաստաթղթերին ծանոթանալու նպատակով, սակայն նախարարության աշխատակիցները հրաժարվել են դիտորդներին` մրցութային փաստաթղթերը դիտարկելու հնարավորություն ընձեռելուց: ԻԵՄ-ի դիտորդների հետ հեռախոսային զրույցի ընթացքում նախարարության աշխատակիցը, որը հրաժարվել է ներկայանալուց, դիտորդներին տեղեկացրել է, որ վերջիններիս հարցերին իրավասու է պատասխանելու ՀՀ արդարադատության նախարարության օրինականության նկատմամբ վերահսկողության տեսչության պետ Միքայել Մինասյանը, սակայն քանի որ վերջինս զբաղված է, պատվիրակել է իրեն փոխանցել ասելիքը: Աշխատակիցը դիտորդներին տեղեկացրել է, որ նախարարությունը չի կարող նրանց թույլատրել ծանոթանալու հայտերին, ներկայացված փաստաթղթերին և գրանցամատյանին՝  հղում կատարելով  նախարարության կայքէջում տեղադրված որոշմանը, որով մրցութային փաստաթղթերը հրապարակման ենթակա են բացառապես նախարարության կայքէջի միջոցով:
ՄԻԵԴ-ի դատարավորի պաշտոնում հանձնաժողովի 2014 թ. սեպտեմբերի 1-ի թիվ 2-Լ որոշման հավելվածում լրացումներ սահմանող` Հանձնաժողովի կողմից ընդունված և նախարարության կայքէջում հրապարակված 27.01.2015թ. թիվ Լ-8 որոշման 3.3-րդ կետի համաձայն` հրապարակման ենթակա են՝  «հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, որոնք հրապարակվում են նիստին հաջորդող երեք օրվա ընթացքում, և յուրաքանչյուր օրվա ընթացքում ընդունված դիմումների մասին տեղեկատվությունը՝  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում տեղադրելու եղանակով՝ մեկօրյա ժամկետում»:
ԻԵՄ-ի դիտորդների կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (այսուհետ` ՄԻՊ) թեժ գիծ կատարված ահազանգին ավելի ուշ ՄԻՊ-ի գրասենյակից հայտնել են, որ Արդարադատության նախարարությունը, նախքան ՄԻՊ-ի գրասենյակից ահազանգ ստանալն, արդեն պատշաճ կերպով պատասխանել է դիտորդներին:  Այս կապակցությամբ ԻԵՄ-ը գրավոր դիմում է ներկայացրել ՄԻՊ-ին, որի պատասխանը, սակայն, դեռ չի տրվել:
Այսպիսով, հղում կատարելով Հանձնաժողովի սահմանած նոր կարգին` մրցույթի կազմակերպման համար պատասխանատու մարմինը հրաժարվում է ապահովել 02.08.2014թ. Սերժ Սարգսյանի հրամանագրի հավելվածով սահմանված կարգի 2-րդ բաժնի 4-րդ կետի պահանջը, որի համաձայն` «Հանձնաժողովի գործունեությունը հիմնված է թեկնածուների ընտրության պայմանների հավասարության, ընթացակարգի թափանցիկության և հրապարակայնության սկզբունքների վրա»:
2015թ. փետրվարի 19-ին «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ-ն ևս դիմել է նախարարություն մրցույթը դիտարկելու խնդրանքով: Այնուհետև փետրվարի 24-ին ՀԿ-ն դիմել էր նախարարություն` խնդրելով վերջինիս հնարավորություն ընձեռել ծանոթանալու հավակնորդների ներկայացրած հայտերին, սակայն նախարարությունից ստացվել է մերժում:
Իր համանման դիմումին ի պատասխան` մերժում է ստացել նաև www.ilur.am  լրատվամիջոցի խմբագիր Քրիստինե Խանումյանը:
Հարկ ենք համարում հիշեցնել, որ ՄԻԵԴ-ի դատավորի թեկնածուների ընտրության նախորդ մրցույթի ընթացքում մրցութային հայտերի փաթեթները, ինչպես նաև մի շարք այլ փաստաթղթեր եղել են դիտորդների համար հասանելի, որոնց ուսումնասիրության արդյունքում վեր են հանվել մի շարք խնդրահարույց հարցեր:
Հաշվի առնելով տեղի ունեցածը՝ հորդորում ենք ՄԻԵԴ-ի դատարավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցութային հանձնաժողովին, ի դեմս իր աշխատանքները կազմակերպող Արդարադատության նախարարության, ավելի բաց ու թափանցիկ դարձնել իր աշխատանքները և խոչընդոտներ չհարուցել դիտորդական առաքելության համար:
Հիշյալ զարգացումների լույսի ներքո կոչ ենք անում հանձնաժողովին ետ կանգնել իր որդեգրած ոչ թափանցիկ ու ոչ հրապարակային գործելաոճից և հնարավորություն ընձեռել դիտորդներին անխոչընդոտ դիտարկելու պահանջվող փաստաթղթերը:
Վերոգրյալի լույսի ներքո կոչ ենք անում հավակնորդներին մրցույթի թափանցիկությունն ու հրապարակայանությունն ապահովելու նպատակով դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին տրամադրել իրենց կողմից ներկայացված հայտերի և դրանց կից փաստաթղթերի պատճենները հետևյալ էլ. փոստ. հասցեներով` europeinlaw@gmail.com, info@armhels.com :

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ
«Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ
www.ilur.am լրատվամիջոց