Բաց նամակ ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին

Ս.թ. փետրվարի 16-ին «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն (այսուհետ` նաև ԻԵՄ) դիմել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին (այսուհետ` նաև ՄԻՊ) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովից (այսուհետ` հանձնաժողով) ինքնաբացարկ հայտնելու առաջարկով (http://ela.am/index.php?route=news%2Farticle&news_id=17#.VO3RrfmUfzE): Դիմումում, մասնավորապես, թվարկված էին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության 2014թ. մրցույթի ընթացքում ԻԵՄ-ի կողմից ՄԻՊ-ին ներկայացված դիմումները, որոնք, բացառությամբ մեկի, մնացել են անպատասխան, իսկ այդ մեկի պատասխանն էլ եղել է ժամանակավրեպ: Ելնելով վերոնկարագրյալ իրողությունից, ինչպես նաև՝ այն փաստից, որ որպես հանձնաժողովի անդամ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը չէր ներկայացրել և ոչ մի հատուկ կարծիք, երբևէ բարձրացված հարցերի կապակցությամբ հրապարակավ հանդես չէր եկել և չէր անդրադարձել հանրության ուշադրության կենտրոնում գտնվող գործընթացի ոչ թափանցիկ և ոչ հրապարակային լինելուն և  դիտորդական կազմակերպության իրավունքների խախտումների մասին ահազանգերին` դիմումում հետևություն էր արվել, որ առկա է շահերի բախում հանձնաժողովի անդամ Կարեն Անդրեասյանի և Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի միջև:

Որպես դիմումի պատասխան` ԻԵՄ-ի ֆեյսբուքյան էջում ս.թ. փետրվարի 18-ին «Օմբուդսմենի մամուլի խոսնակ» օգտատիրոջ կողմից տեղադրվել էր մի գրություն` ՄԻՊ-ի աշխատակազմի ղեկավար Տիգրան Արեյանի ստորագրությամբ (http://ela.am/image/data/ECtHR%20judge%20candidates/2015.02.16-Reply%20to%20Motion%20to%20HRD%20on%20self%20recusal.jpg), որտեղ վերջինս, հղում կատարելով Blacks Law Dictionary – 9-րդ հրատարակության` փորձ էր կատարում տալու «շահերի բախում» հասկացության սահմանումը` հիմնավորելու որ ՄԻՊ-ի պաշտոնական գործառույթների և հանձնաժողովի անդամ-ՄԻՊ-ի պարտականությունների միջև շահերի բախում գոյություն չունի:
Ուղղակի զարմանք է առաջացնում այն հանգամանքը, որ հանրային կառավարման ոլորտում «շահերի բախում» հասկացության որոշ լուրջ սահմանումներին` տրված Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կամ Թրանսարենսի Ինթերնեշնլ կազմակերպության կողմից, ՄԻՊ-ի ներկայացուցիչը նախընտրում է Black’s Law Dictionary-ի մի տողանոց բացատրությունը:

Բացի այդ, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ձեր իսկ հարցազրույցը` տրված www.1in.am-ին 21.10.2014թ. (http://www.1in.am/1460618.html), որով ինքներդ եք խոսում այն մասին, որ որպես հանձնաժողովի անդամ ընդամենը հանձնաժողովում կարծիք եք հայտնել և «այլևս պետք է լռեք», իսկ որպես Օմբուդսմեն նշում եք, որ պատասխանը կլինի, քանի որ վարույթը դեռևս ավարտված չէ: Այդ պատասխանին ԻԵՄ-ը ևս դեռ սպասում է մեծ անհամբերությամբ:
Նույն հարցազրույցում Դուք հայտարարում եք, որ այն հարցերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ նաև դիմումներ եք ստացել որպես ՄԻՊ, որպես հանձնաժոովի անդամ` Ձեր կարծիքն արտահայտել եք քվեարկությամբ և էթիկայի կանոնների խախտում և ոչ կոռեկտ եք համարում հանձնաժողովի որոշումների կամ Ձեր, որպես հանձնաժողովի անդամի, դիրքորոշման վերաբերյալ արտահայտվելը, սակայն, միևնույն ժամանակ, հավաստիացնում եք, որ որպես ՄԻՊ` անպայման որոշում կկայացնեք: Հարց է առաջանում` արդյոք իրատեսական է, որ որպես ՄԻՊ` Դուք ընդունեք որոշում, որը կհակասի Ձեր իսկ որոշմանը` որպես հանձնաժողովի անդամ: Եթե ոչ, ստացվում է, որ Դուք չեք կարող գործել և իրականացնել ՄԻՊ-ին վերապահված սահմանադրական լիազորություններն այն հարցերի շուրջ, որոնց կապակցությամբ արդեն իսկ արտահայտել եք Ձեր դիրքորոշումը որպես հանձնաժողովի անդամ:
Անհասկանալի և տարակուսելի է նաև այն հանգամանքը, որ Դուք խուսափում եք որպես հանձնաժողովի անդամ Ձեր դիրքորոշումը հրապարակայնացնելուց: Եթե Դուք իսկապես գործել եք որպես հանձնաժողովի անաչառ և օբյեկտիվ անդամ, ո՞րն է այն պատճառը, որն ստիպում է Ձեզ գաղտնի պահել Ձեր դիքորոշումը: Դուք, ըստ ՀՀ Սահմանադրության, ընտրվել եք ՄԻՊ-ի պաշտոնում` որպես հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող անձ (ՀՀ Սահմանադրություն 83.1 հոդված)  և, ստանձնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, երդվել եք, հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, հասարակական համակեցության և արդարության սկզբունքներին, պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, իր լիազորությունները իրականացնել անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ջանասիրությամբ: Վերոգրյալն առնվազն նշանակում է, որ ցանկացած նկարագրի տեր անձ չի կարող լինել ՄԻՊ, այլ այդ անձը պետք է կրի այն արժեհամակարգը, որը երդվում է պաշտպանել, և ակնհայտ է որ ոչ սահմանադիրը, ոչ օրենսդիրը նկատի չեն ունեցել, որ այդ երդումը պետք է պահպանել միայն բացառապես աշխատանքային օրերին և աշխատանքային ժամերին: Վերոգրյալի լույսի ներքո` խիստ տարակուսելի է այն, որ Դուք խոսում եք ինչ-որ էթիկայի կանոների մասին, որոնց անհրաժեշտ եք գտնում հավատարիմ մնալ: Ստացվում է, որ ՄԻՊ Կ.Անդրեասյանը խախտում է իր երդումը:
Եթե ուղղակի հավատանք Ձեր այն հայտարարությանը, որ ՄԻՊ որոշումները մշակվում են աշխատակազմի կողմից, ապա նոր հանձնվում Ձեզ` հաստատման, ապա ակնհայտ է, որ եթե աշխատակազմի դիրքորոշումը չհամապատասխանի Ձեր որպես հանձնաժողովի անդամի դիրքորոշմանը, առաջանալու է իրավիճակ, որը Դուք չեք կարողանալու հաղթահարել:

Ավելին, ակնհայտ է այն, որ հանձնաժողովն իր որոշումներով բազմիցս խախտել է «ԻԵՄ» ՀԿ-ի` Սահմանադրության 27-րդ  և 27.1 հոդվածներով, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով սահմանված իրավունքները և այդ որոշումների ընդունմանը մասնակցել եք նաև Դուք, և եթե Դուք իսկապես գործում եք ՄԻՊ-ի երդման շրջանակներում, ապա առնվազն պետք է դեմ քվեարկած լինեիք մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները խախտող հարցերի կապակցությամբ և/կամ հանդես գայիք հատուկ կարծիքով` չխորշելով այդ մասին բարձրաձայնելուց: Գաղտնապահությունը, ցավոք, հակառակ կասկածներ է ծնում և սնում:
Ավելին, ելնելով Ձեր տրամաբանությունից` Դուք, տեղյակ լինելով հանձնաժողովի աշխատանքներին` որպես դրանց մասնակից և համարելով որ ինչ-որ չգրված էթիկական նկատառումներից ելնելով՝ չեք կարող դրանց մասին խոսել, չեք մասնակցելու և աջակցելու նաև ՄԻՊ-ի գրասենյակի վարույթին և, օրինակ, երբ ՄԻՊ-ի գրասենյակը վարույթի շրջանակներում դիմի հանձնաժողովին` պահանջելով բացատրություններ, Դուք, որպես հանձնաժողովի անդամ, լռելու եք` խոչընդոտելով ՄԻՊ գրասենյակի վարույթին: Այսինքն, զբաղեցնելով այս երկու պաշտոնները միաժամանակ` Դուք գտնվում եք անընդհատ հակամարտության մեջ ինքներդ ձեզ հետ:
ՄԻՊ-ի աշխատակազմի ղեկավարի` վերոգրյալ պատասխան գրությամբ մի պարզունակ փորձ էլ արվել էր ՄԻՊ-ի և որպես լեզվի մասնագետ` նրա մորաքրոջ աղջիկ Գոհար Հովսեփյանի` հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու հարցում շահերի բախումը հերքելու նպատակով: Որպես հիմնավորում նշվում էր. «ոչ Դուք, ոչ ողջամիտ տրամաբանություն ունեցող որևէ այլ անձ չի ներկայացրել և չի էլ կարող ներկայացնել որևէ փաստարկ, որը կապացուցեր հակառակը»:
Հարգելի պարոն Անդրեասյան, որպեսզի նման փաստարկ ներկայացնեինք, Դուք պետք է առնվազն օրենքով Ձեզ վերապահված լիազորությունների շրջանակներում քննության առնեիք արդարադատության նախարարություն և  հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանին հասցեագրված ԻԵՄ-ի 07.10.2014թ. դիմումը (որի պատճենը ուղարկվել էր Ձեզ), որով մրցույթի ավարտին խնդրել էինք, ի թիվս այլ փաստաթղթերի, մեզ տրամադրել հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի գնահատման արդյունքները, ինչպես նաև լեզվի մասնագետների կատարած նշումները:

Ամփոփելով վերոգրյալը` հայտնում ենք, որ որևէ անձնական խնդիրներ Ձեր անձի հետ չունենք և որևէ կերպ չենք ցանկանում վնասել Ձեր հեղինակությանը, այլ գործում ենք բացառապես հասարակության առջև ստանձնած մեր պատասխանատվության և պարտավորությունների շրջանակներում և խնդրում ենք Ձեզ ևս հետամուտ լինել ՄԻՊ-ի բարձր առաքելությանը և չզրկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին այս կարևորագույն պահին Մարդու իրավունքների պաշտպան ունենալու իրավունքից:
Ի վերջո անհասկանալի են մնում Ձեր շարժառիթները, որոնցից ելնելով` այս ամենի և օբյեկտիվության վերաբերյալ բազմաթիվ այլ մտահոգությունների և հիմնավոր կասկածների առկայության պարագայում չեք ցանկանում հրաժարվել հանձնաժողովի անդամի այդ պաշտոնից, ընդ որում՝ Ս.Սարգսյանի 02.08.2014թ. ՆՀ-199 Ն հրամանագրի համաձայն՝ դուք անդամակցում եք հանձնաժողովին համաձայնության, այլ ոչ պարտադիր սկզբունքով:

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ