Ընտրություններ և հանրաքվե

Ընտրությունները եղել են «Իրավունքի Եվրոպա միավորում» (ԻԵՄ) ՀԿ-ի ուշադրության կենտրոնում սկսած 2012թ․ խորհրդարանական ընտրություններից։

2012թ․ ապրիլին ԻԵՄ-ը, իր բրիտանացի գործընկերների հետ համատեղ, վերապատրաստել է մոտ 30 լրագրողների՝ թե ինչպես անկողմնակալ, օբյեկտիվ և հավասարակշռված կերպով լուսաբանել ընտրությունները։ Այնուհետև, 2012 թ․ մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններից ի վեր ԻԵՄ-ն առաջարկել է իրավական օգնություն և խորհրդատվություն լրատվամիջոցների այն աշխատողներին, որոնց ազատ խոսքի իրավունքը խախտվել է ընտրական գործընթացում։

ԻԵՄ-ի իրավաբանները նաև դիմում էին ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարան՝ մի ընտրատարածքում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Թեև Սահմանադրական դատարանը տվյալ ընտրատարածքի արդյունքներն անվավեր չճանաչեց, սակայն առաջին անգամ Հայաստանում ընտրական դիմումով Սահմանադրական դատարանն անվավեր ճանաչեց ընտրատեղամասերից մեկի արդյունքները։ Այդ ընտրատեղամասը դիտարկվել էր ԻԵՄ-ի անդամների կողմից։

Տարվա երկրորդ կեսին ԻԵՄ-ը ներգրավել էր քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների ևս՝ աշխատելու ընտրական օրենսդրությունը բարեփոխելու ուղղությամբ։ Բարեփոխումների առաջարկները հետագայում ներկայացվեցին ու քննարկվեցին համապատասխան շահագրգիռ կողմերի հետ, ներառյալ՝ պետական պաշտոնատար անձինք, որպեսզի հետագայում դրանք ընդունվեն խորհրդարանի կողմից նախքան 2013թ․ փետրվարին նշանակված նախագահական ընտրությունները։

2013թ․ փետրվարին ԻԵՄ-ը դիտարկել է  Արարատի մարզի թվով 14 ընտրատեղամասում տեղի ունեցած ընտրությունները։ Հայաստանում ընտրությունների դիտարկումների  պատմության մեջ առաջին անգամ ԻԵՄ-ը ներդրել և կիրառել է ընտրությունների դիտարկման իր նոր մեթոդաբանություն։ Դրա կարևոր բաղադրիչներն էին ընտրատեղամասերի դիտորդությունը զույգով՝ տեղամասերի բացումից միչև փակումը, ընտրախախտումների վերաբերյալ ապացույցների վրա հիմնված հաղորդումները և ընտրական հանձնաժողովների գործողությունների հետընտրական բողոքներին ընթացք տալը։

2013թ․ ԻԵՄ-ի կողմից որպես դիտորդ վերապատրաստվել և որպես ԻԵՄ-ի դիտորդ են հանդես եկել Լենա Նազարյանը (ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալ), Նարեկ Բաբայանը  (Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար), Ժաննա Ալեքսանյանը  (լրագրող/ իրավապաշտպան), Զարուհի Հովհաննիսյանը (հրապարակախոս), Ծովինար Նազարյանը (լրատվական դաշտի փորձագետ),  Սոնա Այվազյանը (Թրանսփարենսի ինթերնեշնել-Հայաստանի գործադիր տնօրեն), Արտակ Համբարձումյանը (լրագրող/ «Ազատություն» ռադիոկայան), Աննա Շահնազարյանը (շրջակա միջավայրի պահպանության ակտիվիստ) և այլն։

2013թ․աա նախագահական ընտրություններին ԻԵՄ-ի դիտորդական առաքելության արձանագրած նյութերի հիման վրա ՀՀ Սահմանադրական դատարանն անվավեր ճանաչեց ընտրատեղամասերից մեկի արդյունքները։ ԻԵՄ-ի ջանքերը ոգեշնչեցին քաղաքացիական հասարակության և սփյուռքի մի շարք գործիչների՝ միավորվելու և Հայաստանում 2013-ի Երևանի ավագանու ընտրությունները վերահսկելու համար «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներքո, որի հիմնադիր-անդամ է ԻԵՄ-ը։

ԻԵՄ-ը ՔԴՆ-ի հետ մեկտեղ ներգրավեց ավելի քան 250 դիտորդների Հայաստանից և Սփյուռքից՝ դիտարկելու 2013թ․ Երևանի ավագանու ընտրությունները։ Ավելի ուշ, նույն տարում ԻԵՄ-ն արժանացավ միջազգային գործընկերների կողմից 2012թ․ ի վեր շնորհվող համընդհանուր իրավունքների մրցանակի՝ ի գնահատումն իր՝ քաղաքացիների ընտրական իրավունքի պաշտպանությանն ուղղված բացառիկ ջանքերի։

2014-2015 թթ․ ԻԵՄ-ը որպես ՔԴՆ-ի մաս, դիտարկեց Հայաստանում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Բոլոր այս դիտորդական ջանքերում ԻԵՄ-ը կիրառեց 2013թ․ փետրվարին իր իսկ կողմից ներդրված ընտրատեղամասերի «Ա-ից Ֆ» դիտարկումների մեթոդաբանությունը, ընտրակեղծիքների դեպքերում ապացույցների վրա հիմնված հաղորդումները և հետընտրական բողոքներին ընթացք տալը։

2015թ․ ԻԵՄ-ը ՔԴՆ-ի շրջանակներում դիտարկեց 2015թ․ դեկտեմբերին կայացած Սահմանադրական հանրաքվեն։ Առաքելությունն տեղակայեց ավելի քան 1000 դիտորդ, որոնք դիտարկեցին մոտ 522 ընտրատեղամասեր Հայաստանի ողջ տարածքում։ Ընտրությունների ընթացքում և դրան հաջորդող օրերին ներկայացվեցին ավելի քան 100 հետընտրական բողոքներ՝ ուղղված ընտրական հանձնաժողովներին և դատարան։

2016-ի ամռանը «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն ստացավ ևս մեկ Համընդհանուր իրավունքների մրցանակ՝ «Ազատության պաշտպան» անվանակարգում 2015-ի դեկտեմբերին կայացած սահմանադրական հանրաքվեի ընթացքում քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության համար։

2016-ին Կառավարության կողմից ձեռնարկված ընտրական բարեփոխումների գործընթացում ԻԵՄ-ը վճռական դեր խաղաց իշխող և ո՛չ իշխող կուսակցությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև՝ 4+4+4 ձևաչափի միջոցով։ Չնայած բանակցություններն սկզբում ձախողվեցին քաղաքացիական հասարակության և ո՛չ իշխանական կուսակցությունների բոլոր առաջարկությունների նկատմամբ Կառավարության անզիջում մոտեցման պատճառով, հետագայում, միջազգային գործընկերների և տեղական ՔՀԿ-ների արդյունավետ ճնշման ներքո Կառավարությունը համաձայնեց գնալ ընտրական օրենսդրության մի շարք կարևոր բարեփոխումների, որոնցից ամենակարևորը ստորագրված ընտրացուցակների հրապարակումն էր։

ԻԵՄ-ն իր փորձագիտական նպաստը բերեց ընտրական օրենսդրության վճռորոշ բարեփոխումների առաջարկությունների համաձայնագրի վերաբերյալ բանակցություններում, որն այդ տարի ավելի ուշ ստորագրվեց իշխող և ո՛չ իշխող կուսակցությունների միջև։ Հանուն արդարության հարկ է նշել, որ եթե ԻԵՄ-ը չընդգրկվեր բանակցային գործընթացում, ապա այն զրոյական արդյունք կտար։

2017-ին ԻԵՄ-ը իրականացրեց ամենամեծ դիտորդական առաքելություն Հայաստանի ընտրությունների անկախ քաղաքացիական վերահսկողության պատմության մեջ։ Նա տեղակայեց գրեթե 3000 դիտորդ ավելի քան 1522 ընտրատեղամասերում՝ ծածկելով Հայաստանի գրեթե բոլոր ընտրատարածքները։ ԻԵՄ-ի վերապատրաստողների թիմը վերապատրաստեց ավելի քան 4500 քաղաքացիների՝ 2017թ․ խորհրդարանական ընտրություններում դիտորդ դառնալու համար։ ԻԵՄ-ի իրավաբանները վերապատրաստեցին մոտ 40 իրավաբանների ընտրական օրենսդրության և գործընթացի ոլորտում։

ԻԵՄ-ը մշակել էր ձեռնարկներ, դիտորդական ուղեցույցներ, նախապատրաստող տեսանյութեր և շնորհանդեսներ՝ (տես՝ www.citizenobserver.am) օգնելու ընտրական օրենսդրությամբ և գործընթացներով հետաքրքրված անձանց՝ խորացնելու 2017-ի խորհրդարանական և այլ ընտրությունների վերաբերյալ իրենց գիտելիքները։ ԻԵՄ-ը նաև մասնագիտական ղեկավարում է իրականացնում հետընտրական բողոքներում ընդգրկված փաստաբանների խմբին։ ԻԵՄ-ի արդյունավետ օժանդակության ներքո փաստաբանները ներկայացրել են ընտրական հանձնաժողովներին ուղղված ավելի քան 400՝ և դատարաններին ուղղված՝ մոտ 100 բողոքներ։

ԻԵՄ-ը նաև շահել է մեկ դատական գործ ՀՀ Սահմանադրական դատարանում, ինչի շնորհիվ ՀՀ ընտրական օրենսգրքի դրույթներից մեկը, որը սահմանափակում էր լրատվամիջոցների և նրանց ներկայացուցիչների ազատ խոսքի իրավունքը, ճանաչվել է հակասահմանադրական։

ՔԴՆ-ի հետ միասին ԻԵՄ-ը շարունակում է իր դիտորդական ջանքերը և դիտարկել է 2018-ի սեպտեմբերին Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները և 2018-ի դեկտեմբերի խորհրդանական արտահերթ ընտրությունները։